Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
«Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար, ԱՐցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա այդ առումով երկու հիմնական պատճառ նշեց. Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որն իրացրել է 1991 թվականին։
«Մենք ինքնորոշվել ենք մեր սեփական երկրում և ոչ թե Ադրբեջանում։ Երկրորդ պատճառը մեր անհամատեղելիությունն է Ադրբեջանի կազմում լինելուն, քանի որ Ադրբեջանը համապետական ատելության համակարգային քաղաքականություն է վարում խորհրդարային տարիներից ի վեր, որն ապացուցվել է Ռամիլ Սաֆարովի կողմից հայ քնած սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման դեպքով, 2016 թվականին, 2020 թվականին ու դրանից հետո, որոնք արձանագրվել է ՄԻԵԴ-ի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից»,-ասաց Բեգլարյանը։
Պատասխանելով հնչած հարցերից մեկին՝ Բեգլարյանն արձագանքեց. «Ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել, դա արցախցու որոշումն է, մենք վճռական ենք այդ որոշումը պաշտպանելու։ Ես բոլորից, և առաջին հերթին Հայաստանի իշխանություններից ակնկալում եմ գործուն քայլեր և ամենագլխավորը՝ իշխանության բոլոր ներկայացուցիչներից, այդ թվում պատգամավորներից ակնկալում եմ, եթե որևէ մեկը չի ցանկանում կամ չի կարող աջակցել Արցախի այս պայքարին, ապա առնվազն պարտավոր է չվնասել։ Չվնասելը ոսկե կանոն է»։
Ի դեպ, Բեգլարյանը հայտարարեց, որ նստացույցը, անհնազանդության ու բողոքի ակցիաներն իր լիազորությունների, աշխատանքի հետ որևէ կապ չունեն։
«Ես արձակուրդի դիմում եմ գրել, արձակուրդում եմ գտնվում, ըստ կարիքի, պատաստ եմ նաև աշխատանքից դուրս գալ, քանի որ սա ինձ համար սկզբունքային, ազգային, անձնական, պետական խնդիր է։ Կարծում եմ, որ հիմա այսպես կարող եմ պայքարել իմ ժողովրդի համար»։
Ժամեր շարունակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Բեգլարյանին կառույցի մի քանի հայ աշխատակիցներ են մոտեցել, պաշտոնական հաղորդակցություն չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնել
- Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան
- Ես աղջկաս խոստացել էի, որ տուն կվերադառնամ... Արտակ Բեգլարյան