Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր
Աստիճանաբար եզրագծին է մոտենում Բոգոտայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականն ունեցավ իր առաջին մեդալակիրը: Նա Սամվել Գասպարյանն է /102 կգ/, որը հաջողության հասավ 29 հայտավորվածների / նրանցից հինգը դուրս մնաց պայքարից / մրցավեճում:
Սամվելը պոկել է 175 կգ, հրել 214 կգ և երկամարտի 389 կգ արդյունքով գրավել երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի:
Գյումրեցի ծանրորդն ընդամենը երկու կիլոգրամով հետ է մնացել չեմպիոն հռչակված քաթարցի Էլբաի Ֆարե Իբրահիմից՝ 391 կգ /174 + 217/:
Կանանց մրցաշարում մեր պատվիրակներից ծանրահարթակ են ելել 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը: Նրանք երկամարտում ցույց են տվել համապատասխանաբար 227 կգ /105+122/ և 220 կգ /100+120կգ / արդյունքներ ու գրավել հաջորդաբար 9-րդ և 11-րդ տեղերը:
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ծանրորդներից իրենց ունակությունները կդրսևորեն Լիանա Գյուրջյանը /81 կգ/ և Հռիփսիմե Խուրշուդյանը /87կգ /: