Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։ «Ադրբեջանը պարտավորվել է երկու ուղղություններով երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։
Այսպիսով, Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանական շրջափակման պատճառով Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող մի շարք հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց չեն կարողանում տեղափոխել Հայաստանի բուժկենտրոններ։ Բացի այդ, քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան