Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու մասին ահազանգող քաղաքացիները Չինաստանին խնդրում են օգտագործել իր հեղինակությունը, հնարավորությունները՝ շրջափակված արցախահայության խնդիրը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար, սատար կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։
Այս խնդրանքը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Չինաստանի դեսպանության դեմ ակցիայի ժամանակ։
«Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից է, կարևոր դերակատարություն ունի աշխարհում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում։
Իհարկե, հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի ունեցած պատմական, բարեկամանական հարաբարությունները, նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա, առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կյանքի իրավունքի պաշտպանության կարևորագույն հարցը, որոշել ենք նամակ փոխանցենք նաև Հայաստանում Չինաստանի ներկայացուցչին»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ Արցախում այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները։
«Արդեն 4-րդ օրն է Արցախի ժողովուրդը զրկված է սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքի ներմուծումից։
Ամեն օր աշխարհից դեպի Արցախ ներմուծվում է մոտ 400 տոննա սննդամթերք և այլ կենսական նշանակության ապրենք, արդեն 4-րդ օրն է այդ պաշարները չեն լրացվում։ Բժշկական հաստատություններից կան ահազանգեր, որ դեղորայքի խնդիր է առաջանում, վառելիքի խնդիր է առաջանում։
Արցախում դադարեցված են կրթական հաստատությունների աշխատանքները, փակ են մանկապարտեզները, դժվարություններով են աշխատում հիվանդանոցները։
Սա հումանիտար ճգնաժամ է և այդ ճգնաժամը հաղթահարելու համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում նաև Չինաստանը»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ խոսք ուղղեց Արցախում արգելափակման մեջ գտնվող հայրենակիցներին.
«Ամուր եղեք, անկախ բոլոր զրկանքներից, անկախ բոլոր մարտահրավերներից պետք է վճռական լինենք, և գիտակցենք, որ արժեքները զրկանքներով են պաշտպանվում, արժեքները նաև տառապանք ու քրտինք են ենթադրում։ Այո, ձեր վիճակը ծանր է։ Այստեղ մեզ համար շատ ավելի հեշտ է, քան ձեզ համար, բայց մենք բոլորս, հայ ազգը Արցախի կողքին է։ Համոզված եղեք, որ կարմիր գծերը չպետք է որևէ զիջման ենթարկել, արժեքները, հայրենիքը, մեր շահերը կենսական չպետք է զիջման ենթարկվեն։ Մի քանի օր էլ դիմացեք, և մենք համոզված ենք, որ հնարավոր լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվաստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու արժեքները։
Միջազգային հանրությունից մենք պահանջում ենք, ակնկալում ենք, ստիպելու ենք, որ օր առաջ այս հրատապ խնդիրը լուծվի, հումանիտար խնդիրներին լուծում տրվեն։
Մենք համոզված ենք, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի այդ ահաբեկիչներից, ցեղասպանություն կատարողներից, ալիևյան ռեժիմի ստուկներից, ծառաներից, պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախի Հանրապետություն։ Այդ հարցում մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամների խիստ և գործնական դիրքորոշումները ու գործողությունները, այդ թվում նաև Չինաստանից։
Այնուհետև ակցիայի մասնակիցները «ինքնաթիռներ» շպրտեցին դեպի դեսպանատուն՝ հնչեցնելով «ոչ ցեասպանությանը», «մենք Արցախի կողքին ենք», «բացեք կյանքի ճանապարհը», «բացել օդային ճանապարհ», «Ալիև ահաբեկիչ» կարգախոսները։
Հարակից հրապարակումներ`
- Սա ցեղասպանության վաղ ազդանշան է. Քրիստիննե Գրիգորյան
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան
- Կարծում եմ՝ առաջիկա օրերին մեր վճռականության, անկոտրում պայքարի շնորհիվ կկարողանանք լրացուցիչ հաջողություններ արձանագրել. Բեգլարյան
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- Թաթոյան. Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
- Եթե հնարավոր չէ ցամաքային կապն ապահովել, պետք է կիրառվեն օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումներ. Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին