Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, միջազգային «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը Telegram-ի իր ալիքում գրել է.
«Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն-խմբ.) իրավիճակը վտանգավոր սրվել է. Ադրբեջանն արդեն մի քանի օր է, ինչ ապօրինի և հանդուգն կերպով փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։
Հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում շրջակա միջավայրի մասին հոգ տանելու կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։
Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները. ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից դուրս մղելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։
Կասկածի տակ է դրվել սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի շրջափակմանը գումարվել է Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման դադարեցումը, որն այլևս չի կարելի համարել, այսպես կոչված, բնապահպանական նախաձեռնություն։ Դպրոցները դադարել են գործել, ձմռանը ջեռուցումից զրկվելու սպառնալիքի տակ են մնացած բոլոր սոցիալական օբյեկտները։
Իմ համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։ Բաքուն, ըստ երևույթին, կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում իր ազդեցության դերը թուլացնելու համար։ Ադրբեջանում արդյոք շուտ չէր մտածել, որ կարող են Աստծուն մորուքից բռնել։
Իմ անունից և միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետները և զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան