Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը ծայրաստիճան սրվել է։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը։
«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանքցը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում»,- նշեց նա։
Փաշինյանը նաև ասաց, որ առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:
«120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքում շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ինչպես արդեն ասվել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորման, որ նշված հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում։ Մասնավորապես, ըստ նրա, հայտարարության առաջին կետում ամրագրված է ԼՂ հակամարտության գոտում կրակի ու բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պահանջը, բայց Ադրբեջանն ապօրինի ռազմական գործողություններ է ձեռնարկել եռակողմ հայտարարության ստորագրումից 1 ամիս հետո` սկսած 2020թ-ի դեկտեմբերի 13-ից։
«Մասնավորապես, Ադրբեջանը օկուպացրեց ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ 2022թ-ի մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժեց ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղի հատվածի Քարագլուխ բարձունքը, որտեղ շարունակում է մնալ մինչ օրս։ Նմանատիպ ռազմական գործողություններ ԼՂ-ում տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո։ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտման դեպքերը շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան` 2021թ-ի մայիսի 11-ի, նոյեմբերի 14-ի և 2022թ-ի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով։ Եռակողմ հայտարարության 1-ին կետի դրույթների կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները` Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
Ըստ նրա՝ վերոնշյալ գործողությունները խախտում են նաև հայտարարության 3-րդ կետը, որի համաձայն՝ ԼՂ-ում ձևավորվում է շփման գիծ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո:
«Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանի կողմից հարուցված խոչնդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ: Մինչև այժմ ԼՂ Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մեջբերելով եռակողմ հայտարարության համապատասխան հոդվածի ձևակերպումը, որտեղ նշված է՝ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք, նշեց, որ այս ձևակերպումը նշանակում է՝ կա Լեռնային Ղարաբաղ, այն ունի տարածք: «Ասել, թե գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանն, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: «Բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաև շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,- նշեց նա։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումներ են միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Ըստ նար՝ դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:
«Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»,- ասաց նա։