Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Արցախի ներկա ու նախկին մարդու իրավունքների` բոլոր չորս պաշտպանները՝ Յուրա Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը ու Գեղամ Ստեփանյանը քիչ առաջ քաղաքացիների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց էին՝ ահազանգելու Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհն ու թույլ չի տալիս, որ սննդամթերք ու կենսական նշանակության այլ ապրանքներ մտնեն Արցախ, թույլ չի տալիս, որ ուղևորափոխադրումներ իրականացվեն, ինչպես նաև խափանել է Արցախի գազամատակարարումը։
«Սրանք հանցավոր գործողություններ են։ Մենք երկու տարի դիմում ենք տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ-ին՝ ասելով, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն։ Այս ամենից հետո տեսնում ենք, որ միջազգային հանրությունը փորձում է հավատալ Ադրբեջանի՝ այսպես կոչված խոստումներին, թե իբր կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչը կեղծիք է ամբողջությամբ։ Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր այդ կեղծիքի իրական դրսևորում է»,-ասաց գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց են, որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների օրակարագ առաջ մղող, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկիր՝ պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանուր լինելու սկզբունքին։
«Ինչպե՞ս կարող եք պատկերեցնել, Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ պաշտպանելու նրանց իրավունքները։ Ես հիմա այդ վիճակում եմ, չեմ կարողանում իրացնել իմ մանդատը, քանի որ չեմ կարողանում հասնել իմ ժողովրդին»,-ասաց Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց՝ Ադրբեջանի անպատժելիությունը չպետք է շարունակվի, հանցագործը պետք է ենթարկվի պատժամիջոցների։
«Պետք է վերջ տալ այս ամենին։ Սա չի կարող շարունակվել։ Սա կոնկրետ Ցեղասպանություն է, որ 21-րդ դարում իրականացվում է հայության նկատմամբ»,-ընդգծեց պաշտպանը։
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց Լաչինի միջանցքը փակած մարդկանց ով լինելու վրա՝ կեղծ բնապահպան, որը կենդանու մորթու մուշտակով է, նրանց թվում կան նաև զինվորականներ։
«Ադրբեջանը որպես պետություն է փակել ճանապարհը, և ոչ թե քաղհասարակություն կոչվածը։ ԱՄՆ-ն շատ է սիրում այդ տերմինը, բայց Ադրբեջանում չի կարող լինել քաղաքացիական հասարակություն, այս առումով բոլոր հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներն համընկնում են»,-ասաց նա։
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին Արցախի գործող ՄԻՊ-ը նամակ հանձնեց՝ հույս հայտնելով, որ իրավունքների պաշտպանությունը որպես առաջնահերթություն որդեգրած ԱՄՆ-ն կկանգնի Մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կողքին, կպաշտպանի հումանիտար աղետի մեջ, հանցագործ Ալիևի քմահաճույքով պատանդ մնացած 120 հազար մարդու իրավունքների պաշտպանության կողքին։
Ակցիայի մասնակիցները սպիտակ թղթից ինքնաթիռները նետեցին դեպի դեսպանատուն։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիները երթով շարժվեցին մի քանի մետր այն կողմ տեղակայաված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Չինաստանի դեսպանատուն։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
- Իմիջային հարվածներն առաջին հերթին ռուս խաղաղապահներին են գալիս. Դավիթ Բաբայան
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն. Ռուբեն Վարդանյան