ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին ասվում ՄԱԿ-ի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ «գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը և ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։
Այսպիսով, Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանական շրջափակման պատճառով Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող մի շարք հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց չեն կարողանում տեղափոխել Հայաստանի բուժկենտրոններ։ Բացի այդ, քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով։
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումը, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ,: Մոտ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա, այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան