Մենք ասում ենք ԱՄՆ-ին, որ եթե շարունակի զենքով բեռնատարներ ուղարկել, մենք միջոցներ կձեռնարկենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հանդիպեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, հետո պաշտպանության նախարարները և նոր միայն ԱԳՆ ղեկավարները: Այս քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի խոսել առաջնորդների հանդիպման մասին: Ես նման առաջարկարեցի պարոն Պուտինին, և նա դրականորեն ընդունեց նախաձեռնությունը: Այն մի շարք բանակցությունների սկիզբ կդնի»,-նախագահական օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը Թուրքմենբաշի քաղաքից վերադառնալուց հետո, որտեղ չորեքշաբթի մասնակցել էր Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Նրա հայտարարությունները հինգշաբթի գլխավորում էր TRT հեռուստաալիքի լուրերի թողարկումները։
Անդրադառնալով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերին՝ Էրդողանը նշել է, որ Անկարան կողմ է Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերին։ Էրդողանը այս կապակցությամբ հիշեցրել է Սոչիի 2019 թվականի հուշագրում ամրագրված որոշումը։
«Սա ի՞նչ լուծում է, սա մեր սահմաններից հարավ 30 կիլոմետրանոց անվտանգության միջանցքի ստեղծումն է, մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք այդ միջանցքի ստեղծման համար, այստեղ ոչ մի նոր բան չկա, դա քննարկվել է Աստանայում, հետո՝ Սոչիում։ Բացի այդ, Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ մեր համակարգումը նորություն չէ»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Անկարայի համբերությունը սպառվել է հարևան երկրի տարածքից բխող ահաբեկչության սպառնալիքի և Արևմուտքի, հիմնականում ԱՄՆ-ի, ահաբեկչական կազմակերպությունների աջակցության հետ կապված։
«Մենք առաջին հերթին ասում ենք ԱՄՆ-ին, որ եթե շարունակեք հազարավոր բեռնատարներ ուղարկել զենքով, զինամթերքով և տեխնիկայով այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպություններին, մենք միջոցներ կձեռնարկենք մեզ պաշտպանելու համար»,-ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
- Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում Սերգեյ Վերշինինը
- Ռուսաստանը կոշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն. Լավրով
- Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան