Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել է չորրորդ տեղում՝ երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահելով 108 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 130 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կոանդա Սոլֆրիդը՝ երկամարտի 260 կգ (113+147 կգ) արդյունքով։
81 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Լիանա Գյուրջյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 237 կգ (103+134 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Խիաոմեյ Լիանգը՝ երկամարտի 270 կգ (118+152 կգ) արդյունքով։
Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թիմն ԱԱ-ում հանդես էր գալիս Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Հայաստանի հավաքականի դեռևս միակ մեդալը նվաճել է 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն է զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ուներ հայտավորելու միայն երկու մասնակցի: