Էրդողանին վիրավորելու մեղադրանքով սպառնում է 11 տարվա բանտարկություն
Թուրքիայի «Հաց արտադրողների պրոֆմիության» նախագահ Ջիհան Քոլիվարին մեղադրանք է առաջադրվել հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ արած արտահայտությունների և սոցցանց իր էջում արած գրառումների համար։ Մեղադրող կողմը պահանջում է 11 տարի 11 ամիս բանտարկություն, գրում է էրմենիհաբերը։
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրանքում Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայացված է «բողոքող» բառով։ Ըստ մեղադրանքի՝ մեղադրյալի որոշ գրառումներ «բացեիբաց» վիրավորանք են պարունակում նախագահի հասցեին, իսկ որոշ գրառումներ էլ «ազգային արժանապատվությունը ստորացնող» են որակվել։
Էրմենիհաբերը հիշեցնում է, որ ամիսներ առաջ հացի թանկացումների վերաբերյալ «Habertürk» հեռուստաընկերության եթերով արված հայտարարությունների համար Քոլիվարը հայտնվել էր իշխանությունների թիրախում։
Վերջինս ասել էր․ «Ես հացը հիմնական սնունդ չեմ համարում, հացն ապուշ/տխմար հանրույթների հիմնական սնունդն է։ Շվեդիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի նման երկրներում մեկ շնչի սպառման բաժինը կազմում է 50 կգ, մինչդեռ Թուրքիայում այն 210 կգ է։ Մեր հասարակությունը հացով է կշտանում, դրա համար էլ 20 տարի է այսպիսի կառավարիչներ ունենք»։