Առնվազն ութ ոստիկան է վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելքում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով
Առնվազն ութ ոստիկան վիրավորվել է ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Այդ մասին NTV հեռուստաալիքի ռեպորտաժին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դիարբեքիր-Մարդին ավտոճանապարհին ոստիկանական մեքենային հետևելիս հեռակառավարվող սարքի օգնությամբ ճանապարհի մոտ կայանված մեքենայում պայթուցիկներ են գործի դրվել։ Արտակարգ իրավիճակների վայրում անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Միջադեպի հետևանքները հետաքննվում են, նշում է հեռուստաալիքը։
Ինչպես արտակարգ դեպքի վայրից հայտնում է TRT 1 հեռուստաալիքը՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 04:30-ին Դիարբեքիրի մուտքի մոտ, ուր շարժվում էր ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ տեղափոխող ծառայողական ավտոբուսը։ Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Պայթյունի տարածքը արգելափակված է, իրականացվում է հակաահաբեկչական գործողություն։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից
- Ալ-Ջազիրա. PKK-ն հերքում է իր մասնակցությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին