Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
«Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում. Սինխրոն իրար գովում են, հետո իրար քննադատում են, սինխրոն չեն գնում Բրյուսել բանակցությունների, միասին որոշել են, որ խաղաղության պայմանագիր կոչվածը դեռ պետք չէ ստորագրել»,-ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որ մասնակցում է «Հայկական օրակարգ. Կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանը։
Ադրբեջանի առաջնորդի՝ վերջին շրջանում հռետորաբանության փոփոխությունը զարմացրել էր բանախոսին.
«Ադրբեջանը, որ ռազմի դաշտում մեծ հաջողություններ է ունեցել, հանկարծ որոշում է հետաձգել դրա իրավական ձևակերպման գործընթացը։ Ինչո՞ւ։ Երկու պատճառ կարող է լինել, կամ Ադրբեջանը տեսել է ավելի մեծ զիջումներ կորզելու հնարավարություն, կամ էլ արտաքին ճնշում կա հարցն առկախված պահելու առումով, մինչև կհասկանան, թե ուժերի հարաբերակցությունն ինչպես դասավորվում։ Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատճառն առաջին տարբերակն էր, Ալիևը տեսել է նոր զիջումներ կորզելու հնարավորություն, ըստ էության Փաշինյանն էլ չի խոչընդոտել դրան, ավելին տվել է այն խաղաքարտը, որն այսօր Ալիևն օգտագործում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման ընթացքում»։
Քաղաքագետը մանրամասնեց՝ խոսքը Պրահայի հայտարարության մասին է, երբ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Ունենալով այդ խաղաքարտը՝ Ադրբեջանը գնում է ճանապարհ փակելուն։ Նրանք փորձում են արագ զիջումներ ստանալ, քանի որ մտածում են՝ շուտով Հայաստանում իշխանություն կփոխվի, Ուկրաինայում պատերազմը կավարտվի, Մերձավոր Արևելքում Թուրքիան ավելի մեծ խնդիրների մեջ կհայտնվի, որոնք կխանգարեն Արցախը լիովին գրավելու իրենց քաղաքականությանը։ Հիմա հնարավորություն են տեսնում այդ քայլն անելու համար, գնում են դրան։ Առաջին խանգարող քայլը ռուս խաղաղապահներն են։ Այդ պատճառով Ադրբեջանը փորձում է դելեգիտիմացնել նրանց, անվստահություն սերմանել նրանց նկատմամբ, եթե կարդաք ադրբեջանական մամուլը, կտեսնեք, թե ինչքան հղում կա խզմալյանատիպ կենդանիների, այդ թվում իշխանական պատգամավորների վրա, թե տեսեք՝ Հայաստանում էլ չեն վստահում ռուս խաղաղապահներին, ուստի պետք է հեռացնել»,-ասաց Մելիք-Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ սինխրոն գործում են ոչ միայն Ալիևն ու Փաշինյանը, այլև նրանց ենթակա համակարգերը։
Քաղաքագետն ասաց, Փաշինյանը եթե մարսեց Արցախի կորուստը ցմահ իշխանության հավակնութուն կարող է ունենալ։
«Սա է խնդիրը։ Նրանք էլ ուզում են օր առաջ ազատվել այդ հարցից ու ապրել այնպես, ինչպես իր տիկինը ցույց է տալիս սոցիալական ցանցերում»,-ասաց բանախոսը։
Քննարկման մասնակիցն ընդգծեց, որ Ադրբեջանի համար այսօր երկու կարևոր խնդիր կա՝ Արցախի նվաճումն ու Թուրքիայի հետ ցամաքային կապ ունենալը։
«Այսօր վերջին հարցը քիչ է քննարկվում, բայց Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, ասաց՝ Ադրբեջանի հետ են ընդհուպ «Զանգեզուրի» միջանցքի բացումը։ Եվ սա ասում է համատեղ զորավարժությունների ֆոնին։ Ռազմական ագրեսիայի ֆոնին հայկական պետությունները պետք է գործեն, լավ է, որ կան միջազգային հայտարարություններ, բայց դրանք բավարար չեն, պետք է դրանք լինեին լրացուցիչ գործոն»,-նշեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, եթե Հայաստանի ղեկին լինի ազգային կառավարություն, ապա կլինեն խնդրի լուծման բազմաթիվ տարբերակներ։
«Բայց մենք չունենք ազգային իշխանություն։ Ի՞նչ պետք է անել, պետք է նախ ձևավորել ազգային իշխանություն։ Ցավոք սրտի, սա փակ շրջանի է նմանվում, Նիկոլ Փաշինյանի հեռացումը բազում պատճառներով չի ստացվում։ Ցավոք, նույնսիկ էլիտաներում, որոնք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, չկա միասնականություն, ավելին ասեմ՝ կա մրցակցություն, ինչը խանգարում է ընդհանուր գործին։ Բայց պետք է ամեն ինչ մի կողմ դնել, հեռացնել դավաճան իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն ու պետական ռեսուրսը ծառայեցնել սեփական անվտանգության ապահովման խնդրին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն
- Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. «Արցախգազ»
- Հարյուրավոր ամոթանքներ Աննա Հակոբյանին. «Միանգամից միանայիք ադրբեջանցի «էկոակտիվիստներին»»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան