Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան
«Կարմիր բլուրը ոչ միայն Հայաստանի կամ Կովկասի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի կարևորագույն հուշարձաններից մեկն է։ Կարծում եմ՝ ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Ռուսաստանում հրատարակված «100 великих археологических открытий» գրքում Հայաստանից ընդգրկված միակ հուշարձանը Կարմիր բլուրն է։
2019 թվականին պայմանագիր են կնքել Ավստրիայի Ինսբրուքի համալսարանի հետ և Կարմիր բլուրում վերսկսկվել են պեղումները։
Ամրոցի հարավ-արևելք ընկած հատվածում հայ հնագետները հայտնաբերել են մոնումենտալ կառույց, որն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական միջնադարյան քարավանատները։ Պաղեստինում նման կառույցներ կան պեղված, որոնք նաև մեկնաբանվում են որպես շուկա։ Երկու տարբերակներն էլ, Մ.Բադալյանի խոսքով, ֆանտաստիկ են։
«Բայց սա միջնադարյան կառույց չէ, ուրարտական ժամանակաշրջանի ահռելի չափերի, քարից սալահատակներով, մոնումենտալ պատերով եռամաս կառույց է, որի նմանը Հայաստանի Հանրապետությունում դեռևս չի հայտնաբերվել։
Այստեղ տասնյակ տարիների պեղելու ներուժ կա։ Մենք կենտրոնանալու ենք միայն այս կառույցի և նրա շրջակայքի վրա»,- ասաց Մ. Բադալյանը։
Կարմիր բլուրը բազմաշերտ հուշարձան է։ Հնագետն ընդգծեց, որ Կարմիր բլուրում գոյություն ունեն մի քանի շերտեր. նախաուրարտական, որոնք գլխավորապես վերաբերում են Ք. Ա. 12-9-րդ դարերին, ուրարտական՝ այսինքն Ռուսա 2-րդի ժամանակաշրջանի՝ Ք.Ա. 7-րդ դարի կեսերի շերտեր, նաև հետուրարտական շերտեր, որոնք արձանագրվել են նաև հայ-ավստրիական արշավախմբի պեղումների արդյունքներով։ Կան նաև աքեմենյան, հելլենիստական ժամանակաշրջանի շերտեր։
Կարմիր բլուրում ամեն տեղ կարելի է գտնել նաև միջնադարյան ջնարակած խեղեցեն։
Տարածքում գտնվել է նաև վաղ բրոնզե դարի, այսինքն մոտ 5000 տարի առաջվա խեցեղեն։
Հնագետն ասաց, որ Կարմիր բլուրը չափազանց մեծ պոտենցիալով հուշարձան է։
Կարմիր բլուրով բացված կառույցները, ըստ Միքայել Բադալյանի, ևս մեկ անգամ վկայում են, որ Կարմիր բլուրում կյանքը շարունակվել է հրդեհից հետո, այսինքն հետուրարտական ժամանակաշրջանում. «Սա Երվանդունիների ժամանակաշրջանն է։ Սա չափազանց կարևոր է մեր հնագիտության, մեր պատմության համար։
Նաև, ինչպես ասացի, բացվել է մոնումենտալ կառույց, որը մեր միջնադարյան քարավանատների նախատիպն է, այսինքն կարող ենք խոսել ժառանգականության մասին։
Սա մեկ կարևոր ապացույց է, որը ցույց է տալիս, որ հենց մենք ենք այս ամենի ժառանգորդը»։
Ադրբեջանի կողմից այս տարածաշրջանում Ուրարտուի գոյությունը հերքելու քաղաքականության դեմ պայքարելու համար նախ և առաջ, Բադալյանի խոսքով, հենց մենք պետք է շատ հարցերում ճիշտ տեղեկացված լինենք, նաև՝ պետք է ստեղծել ճիշտ համակարգ։
«Իրենք ունեն համակարգ։ Եթե իրենք կարողանում են խեղաթյուրել, կարողանում են անել համակարգված։ Պետք է լինի համակարգ, որը պետության կողմից պետք է ուղղորդվի»,- ընդգծեց նա։
Միքայել Բադալյանը կարևորեց նաև մեր ժառանգությանը տեր լինելու պատասխանատվությունը։
«Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին ու մեր մյուս ժառանգությանը։ Երբ որ մենք տեր լինենք, շատ հարցեր ուղղակի փակվելու են։
Մեր հնագույն հուշարձաններն ապացուցում են՝ մենք այստեղ եղել ենք, կանք, բայց պետք է տեր լինենք այս ամենին։ Մեր նախնիները թողել են մեզ այս ամենը, որպեսզի տեր լինենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին»,- ասաց Միքայել Բադալյանը։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին