Թաթոյան. ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այս պահին բազմամարդ է։ Արցախի նախկին ՄԻՊ ու պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի կոչով բողոքի ակցիա է իրականացվում։ Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հաջորդ օրը հենց գրասենյակի դիմաց Բեգլարյանն անժամակետ նստացույց է սկսել՝ գիշերելով միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ՝ բաց երկնքի տակ։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարևորում է նման բողոքի ակցիաները։
«Միջազգային հանրությանը ճիշտը ներկայացնելն է, որ ազդեցություն է ունենում։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած մարդիկ իբր ակտիվիստներ են, եկել են իրենց բողոքն են ներկայացնում։ Ակնհայտ էր, որ սա կեղծիք է, Ադրբեջանն է սա կազմակերպել։ Մեր առաջնահերթ խնդիրն էր փաստերով ցույց տալ, որ դա կեղծիք է, դրանք այն մարդիկ են, որ գորշ գայլերի կողմնակիցներ են, անդամներն են, որոնք ահաբեկչական, ծայրահեղ ազգայնական կազմակերպություններ են ու նրանց գործունեությունը եվրոպական մի քանի երկրներում արգելվել է»,-ասաց նա։
Թաթոյանը նաև բացահայտել ու բարձրաձայնել էր, որ «ակտիվիստների» շրջանում շատ են պետական ֆինանսավորում ստացող անձինք են։
«Տեսեք, թե ինչ խորամանկ քայլ էին արել։ Այնպես էին կազմակերպել, որ իրականացվում է միակողմնաի լուսաբանում, կտրում են կարճ տեսանյութեր ու ուղարկում են միջազգային լրատվամիջոցներին, կատարյալ միակողմանի ինֆորմացիա է գնում։ Հիմա մենք գտնվում ենք ՄԱԿ-ի դիմաց։ Ես ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ։ Ինչի՞ հետևանք է։ Ադրբեջանի այս քաղաքականությունը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու ողջ հայության դեմ է»,-ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ-ը։
Նա կարևորեց հայաստանյան, արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքի ապահովվումը դեպքի վայր, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանվեն բազմակողմանի, պետք է ցույց տրվեն մարդկային ճակատագրերը, պատմությունները, որ Հայաստան եկած մայրը չի կարողանում հասնել իր երեխաներին, որ Հայաստանում գտնվող երեխան չի կարողանում հասնել իր ընտանիքին։
«Այս ճակատագրերը, պատմությունները պետք է ցույց տանք աշխարհին, ասենք՝ դուք եք այս կանոնները ստեղծել, հիմա ճակատագրեր են խեղվում, ինչո՞ւ չեք արձագանքում, թե՞ ձեզ միայն տնտեսական շահերն են հետաքրքրում»,-ասաց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է. Բեգլարյան
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան