ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հանուն Արցախի ակցիային միացել են նաև արտասահմանցիներ
«Չկա վառելիքի մատակարարում», «Չկա սնունդի մատակարարում», «Չկա դեղորայքի մատակարարում», «Չկա խաղաղություն», «Չկա ընտանիք»... ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի մասնակից նաև արտասահմանցի երիտասարդները ցուցապաստառների այդ գրություններով ներկայացնում են ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքներն ու հումանիտար ճգնաժամը։
«Մենք տարիներ շարունակ ապրել ենք առանց լույս, առանց վառելիք, առանց ուտելիք, բայց հաղթահարել ենք ու հաղթել ենք, բոլորն են հիշում»,-ելույթ ունենալով գրասենյակի դիմաց՝ ռուսերենով ասաց արցախցի երիտասարդը, քանի որ ակցիայի մասնակից օտարերկրացիների մեծ մասը հայերեն չի հասկանում։
Արցախցի երիտարադը շնորհակալություն հայտնեց նրանց՝ ակցիային միանալու, իրենց ձայնը բարձրացնելու, աշխարհին աչքերը բացելու կոչ անելու համար, արտասվող չինացուն խնդրեց՝ դադարեցնել լացն ու ժպտալ, քանի որ ամեն բան լավ է լինելու։
Ելույթից հետո կարմիր թղթից պատրաստված ու սպիտակ խաչով ինքնաթիռներ ուղարկեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչ անելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապահովելու օդային հաղորդակցություն՝ որպես հումանիտար ուղի, գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, քանի որ թշնամին ամեն րոպե կարող է փակել ճանապարհը։
«Օդը, ինչպես թթվածինը մեզ հարկավոր է»,-ասաց նա։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ելույթ ունեցավ այս տարվա գարնանը Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Անաստասիան, նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության համար, անարդար համարեց, որ նման բան է տեղի ունենում հայ ժողովրդի հետ։
Կոչ արեց աշխարհին խոսել, որպեսզի բացվի դեպի Արցախ տանող ճանապարհը, այնտեղ ապրող մարդկանց մատակարարվեն սնունդ, դեղորայք, որպեսզի հիվանդները կարողանան տեղափոխվել Երևան ու անհրաժեշտ բուժում ստանան։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ՄԱԿ-ի գրասենյակում ընդունել են Արցախի գործող ու նախկին ՄԻՊ-երին՝ Գեղամ Ստեփանյանին ու Արտակ Բեգլարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակներին հասնելու բոլոր խոչընդոտները նախ և առաջ պետք է փնտրենք մեր մեջ. Լարիսա Ալավերդյան
- Թաթոյան. ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ