Հայաստանը չի կարողացել այնպես անել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հարցը դառնա միջազգային օրակարգ. Իսայան
«Այսօր, երբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ է, որոշակի հասցական հայտարարություններ են լինում, վաղը, երբ բացվի, նորից, անցնում ենք նույն մեղմ տոնայնությանը», - «Հայկական օրակարգ. Կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանն ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։
Նա նշեց, որ իրավիճակային լուծումների ճանապարհով որևէ լուծման հնարավոր չէ հասնել, պետք առաջնորդվել համակարգային լուծմամբ։
«Հիմա մենք գիտացո՞ւմ ենք, որ այս ամենի հետևանքը ոչ միայն այսօր, այլ միշտ այն է, որ Արցախում չլինի հայ, քանի որ սա ընդամենը արցախահայության հայաթափման քաղաքականություն է։ Այս գիտակցումը կա՞, թե՞ չէ։ Գործողությունները, կարծում եմ, ապացուցում են, որ այս գիտակցումը չկա։ Որովհետև եթե Արցախում չկան հայեր, չկա ինքնորոշման իրավունք»,- ասաց նա։
Շ. Իսայանի խոսքով, միջազգային կառույցները, տարբեր երկրներ հասցեկան կամ ոչ հասցեական հայտարարություններ են արել, բայց, ցավոք սրտի, Հայաստանը չի կարողացել այնպես անել, որ այս Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հարցը դառնա միջազգային օրակարգ։
«Մենք այսօր դեռ չենք կարողացել անել, վաղը գուցե հնարավոր է, երբ լինի ազգային, պետական մտածողությունը։ Վստահ եմ՝ եթե ռուս խաղաղապահները որևէ սադրանքի տրվեին Լաչինի միջանցքի հատվածում, այն անմիջապես կդառնար միջազգային օրակարգի թիվ մեկ հարցը»,- նշեց նախկին պատգամավորը։
Նա ընդգծեց, որ հայ մարդու իրավունքները ստորադասվում են նավթի ու գազի դիսկուրսում։
«Բայց մինչև մենք մեր պահանջներն ուղղենք միջազգային հանրությանը, այս կամ այն պետությանը, պետք է մենք առաջնահերթ հասկանանք՝ ո՞րն է մեր պետության ազգային քաղաքականությունն այս հարցի շուրջ։
Իշխանությունն անում է դրվագային, այսրոպեական հայտարարություններ, որոնք եթե համակարգային չեն, չեն կարող ունենալ հաջողություն»,- ասաց Իսայանը։
Նրա խոսքով, որքան էլ Բաքուն ցանկանա ինքը թելադրի այս կամ այն անցումը Լաչինի միջանցքով, հստակ պետք է ասել՝ արցախցիները մենակ չեն, թելադրողն այդ ճանապահատվածում հաստատ Բաքուն չի լինելու:
«Մեկ բան հստակ է՝ Բաքուն իր այս քայլով, ահաբեկչական շրջափակմամբ ապացուցեց, որ որևէ անվտանգության երաշխավոր երբևէ չի կարող լինել։ Հիմա մենք բոլորս պետք է փորձենք այս միտքը կապիտալիզացնենք։ Իհարկե, հիանալի կլինի, որ պետությունն անի դիվանագիտական կորպուսով, իսկ մեզանից յուրաքանչյուրը հնարավոր բոլոր ռեսուրսներով բարձրաձայնի»,- ասաց Շաքե Իսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Մելիքյան. Պարտադիր է, որ միջազգային հանրության հայտարարությունները լինեն շատ ավելի կոշտ ու կարգի հրավիրող
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
- Թևան Պողոսյան. Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն