Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
Միջազգային հանրությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, նշել է Փրայսը՝ շեշտելով՝առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։
Ավելի ուշ, ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»-ը պետքարտուղարության խոսնակը անդրադարձել է նաև գազի մատակարարման խափանումների մասին հաղորդումներին՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։
«Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել մարդասիրական ճգնաժամի, հատկապես ձմեռային ամիսներին: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է Փրայսը։
Այս կապակցությամբ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը:
«’Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ արգելել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը»,- ասված է հայտարարության տեքստում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն էլ իր հերթին թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ։ «Այդ միջանցքը չափազանց կարևոր է սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարման համար, որոնց հոսքը պետք է անխափան լինի»,- ասված է գրառման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին