Վահե Տեր-Մինասյան. Պետք է ձեռնարկել հնարավոր ու անհնար բոլոր միջոցները 120 հազար մեր քույրերի, եղբայրների կյանքը փրկելու համար
«Խոսքս ուզում եմ ուղղել ողջ հայությանը միանալու այս ակցիային՝ պահանջելու արդարություն ու հումանիզմ, աշխարհում գործող հումանիտար կազմակերպություններին եմ դիմում, բոլորը պետք է բացեն աչքերը»,-ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիային մասնակցող գործող բժիշկ Ռուբեն Գրիգորյանը։
Հայտնի բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանն էլ կոչ արեց մարդկանց ոտքի կանգնել, ձեռնարկել հնարավոր ու անհնար բոլոր միջոցները 120 հազար մեր քույրերի, եղբայրների, երեխաների ու մեծահասակների կյանքը փրկելու համար։
«Ամենահեշտ բանը տանը նստել ու ֆեյսբուքով խոր քաղաքագիտական վերլուծություններ անելն է։ Ես այսօր կարդում էի՝ թե ինչու են ակցիան իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, գիտե՞ք, վաղը նման ակցիա հնարավոր է Ռուսաստանի, մյուս օրը՝ Ֆրանսիայի կամ այլ երկրի դեսպանատների դիմաց։ Ի՞նչ, գնանք տոնածառի կողքը վազվզե՞նք»,-ասաց Տեր-Մինասյանը։
Ուռուցքաբանը հիշեցրեց, որ նման ակցիաներում չկան պաշտոնի հետևից վազող մարդիկ, սա հասարակությանն արթանացնելու նպատակ ունի, հետապնդում է միայն ազգային շահ:
«Ճիշտ է, մեն պարտվել ենք, բայց եթե հանձնվենք, նշանակում է կկորցնենք ամեն ինչ՝ Երևանը, երկիրը, պետությունը, մենք պետք է պայքարենք մեր երկրի ամեն թիզի համար։ Մարդ մեկ անգամ է ապրում, մեկ անգամ է մեռնում, այդ ապրելը պետք է արժանապատիվ լինի։ Ես որպես բժիշկ մտածում եմ մարդկանց օգնելու մասին, երազում եմ, որ իմ երեխաներն ապրեն խաղաղ երկրում, բայց իմ երեխաները պետք է հիշեն, որ թուրքը, ադրբեջանցին մեր թշնամին են»,-ասաց նա։
Հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների գործողությունները, բժշիկը պատասխանեց, եթե արդյունավետ լինեին, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու կարիք չէր լինի, միաժամանակ նշեց՝ այսօր իշխանությունը մեծ գործիքակազմ չունի իր ձեռքին։
Դիմածնոտատային վիրաբույժ, պրոֆեսոր Յուրի Մինասյանը կարծիք հայտնեց, որ հայությունը պետք է համախմբվի։
«Արցախը Հայաստանն է, նրանք մեր հարազատներն են, կապը պետք է անհապաղ վերականգնվի։ Ես գիտեմ, որ շատ հիվանդներ կան, որոնք Երևան տեղափոխվելու կարիք ունեն, բայց ճանապարհը փակ պահելու հետևանքով չեն կարողանում բուժվել։ Բացի այդ, 120 հազար մարդ լուրջ խնդիրներ ունի։ Սա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն է, որի նպատակը Արցախը հայերից դատարկելն է։ Միջազգային հանրությունը պետք է զարթնի, չբավարարվի միայն հայտարարություններով, պետք է օգնություն կազմակերպել Արցախին»,-ասաց պրոֆեսորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան