ԶՈւ հետախուզության նախկին պետը կալանավորվել է. ՔԿ
Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Քննչական կոմիտեում հարուցված վարույթի համաձայն` 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանը կարողացել է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատվածը բարձրաստիճան սպայի անգործության պատճառով: Ըստ մեղադրանքի` բանակային կորպուսներից մեկի հրամանատարը մարտական հերթապահության կրման կանոնները խախտել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել է, որ մայիսի 12-ին նախապես ծրագրված և պլանավորված ագրեսիայի ակտ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա, Նորաբակ բնակավայրերի և Կութ բնակավայրերին հարող հայ-ադրբեջանական շփման գծի` համապատասխանաբար 15 կիլոմետր, 7 կիլոմետր և 4 կմ տարածքների սահմանագծի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը և մինչև օրս շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել:
Նրա խոսքով՝ գեներալ-մայորը չի պահպանել կանոնադրության այն պահանջները, որոնք նպատակ ունեն ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը, շփման գծի անձեռնմխելիության պահպանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին