Արտաշատի ԲԿ-ի Հեմոդիալիզի կենտրոնը դեկտեմբեր 15-ից սպասարկում է այցելուներին
Արտաշատի բժշկական կենտրոնում արդեն գործում է Հեմոդիալիզի կենտրոն, որը դեկտեմբեր 15-ից սպասարկում է այցելուներին:
ԲԿ-ից հայտնում են, որ այն վերազինված է ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հեմոդիալիզային բուժում: Այն ղեկավարում է բժիշկ Արման Մարգարյանը:
Նշենք, որ քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով: Հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։
«Մեր Կենտրոնն առայժմ նախատեսված է 60 հիվանդի համար, այն կծառայի ինչպես Արարատի, այնպես էլ Վայոց Ձորի մարզերի բնակչությանը»,- նշում են նորաստեղծ կենտրոնից։
Հիշեցնենք, որ դիալիզի բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում։