«Փուչիկը մի քիչ շատ է ուռել»․անշարժ գույքի շուկայում հնարավոր է գնիջեցում
Անշարժ գույքի շուկայում կտրուկ վայրիվերումներն անխուսափելի են՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Նախ նշենք, որ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայում կատարված վերլուծության համաձայն՝ 2022թ․-ի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 6,8 տոկոսով, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ 25,3 տոկոսով։
Իսկ Երևան քաղաքում 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 6,6 տոկոսով, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ 21,8 տոկոսով։
Այսինքն՝ առուվաճառքի պահանջարկի նվազման միտում է նկատվում։ Ի՞նչն է խնդիրը ՝ գույք ձեռք բերող օտարերկրացիների թիվն է նվազել, թե երկրի ներսի անկայուն իրավիճակն է ինչ-որ չափով ազդեցություն ունեցել պահանջարկի նվազման վրա։ Նշված հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է անշարժ գույքի գործակալ, «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության հիմնադիր,տնօրեն Ռուստամ Գրիգորյանի հետ։
«Նախ նշեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին մեծ չափով նվազել են բնակարանների,տների վարձակալության պահանջարկը։ Դա նկատվում է գործարքների, զանգերի և ցուցադրությունների քանակից։ Միգրացիոն ծառայությունից ունեմ տեղեկություն, որ Ռուսաստանի քաղաքացիները գրեթե չեն գալիս կամ գալիս են որպես տարանցիկ երկիր՝ այլ երկիր գնալու նպատակով։ Իսկ վարձակալության պահանջարկն ու գներն ուղիղ համեմատական են վաճառքի գների հետ։ Այս պահին վարձակալության գները սկսել են նվազել, կարծում եմ՝ մոտ 20 տոկոսով նվազում կունենանք։
Ռուստամ Գրիգորյանի խոսքով, եթե վարձակալության գներն իջնում են, ապա անշարժ գույքը դառնում է քիչ եկամտաբեր , ինչն էլ իր հերթին ազդեցություն է թողնում առուվաճառքի գների վրա։
«Մի քանի ամիս առաջ այլ երկրի քաղաքացիների գալով պայմանավորված ակտիվություն նկատվեց, հիմա իրավիճակը փոխվում է։ Բնակարան գնելու և վարձով տալու նպատակ ունեցող մարցկանց այս պահին ոչ այդքան դրական սպասումները, թե գները կնվազեն, կարծում եմ՝ ճիշտ է։ «Փուչիկը մի քիչ շատ է ուռել», որոշակի չափով գները կիջնեն։ Առուվաճառքի գները կիջնի այնքանով, որքանով բարձրացավ՝ 5,5 տոկոսի չափով»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով․
«Այսինքն՝ երկրորդային շուկայի գների բարձրացումը պայմանավորված է հիմնականում վարձակալության շուկայի գների հետ։ Իհարկե կան նաև արժույթի և շինանյութի թանկացման գործոնները, սակայն հիմնականը կապված է վարձակալության շուկայի ակտիվացման հետ։ Հիմա չկան այն սպասումները, որ նորից մարդիկ դրից գալու են և բարձր գներով վարձակալելու են, ինչը երկրորդային շուկայում ուղղակիորեն անդրադառնում է վաճառքի գների վրա»։
Մեկ այլ խնդիր, որի մասին բարձրաձայնեց գործակալության տնօրենը, անշարժ գույքի շուկայում առկա դեֆիցիտն է․ «Շատ բնակարաններ հանձնված են վարձակալության և չեն վաճառվում, քանի որ այս պահի դրությամբ եկամտաբեր է վարձակալության տալը։ Իսկ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիները չեն կարողանում նորմալ բնակարան գտնել, այն էլ՝ ադեկվատ գնով, որովհետև շուկայում մնացել են այն բնակարանները,որոնք կամ շատ թանկ են կամ սեփականատերերն ուղղակի մոտիվացված չեն վաճառելու՝ օգտվելով բարձր գնային իրավիճակից, ուղղակի դրել են վաճառքի»։
Ինչպես արդեն նշվեց, անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է և երկրում տիրող իրավիճակը ևս ազդեցություն թողնում է։
«Անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է, նույնիսկ սահմանին մեկ կրակոցը կարող է հաջորդ օրն անդրադառնալ զանգերի,ցուցադրությունների քանակի վրա»,- ասաց գործակալը։
Մեր դիտարկմանը՝ թե ինչպես է Լաչինի միջանցքի ապաշրջափակումն անդրադարձել անշարժ գույքի շուկայի վրա, Գրիգորյանը պատասխանեց․
«Եթե նայենք մեր գործակալություն դիմած վերջին շաբաթվա զանգերի քանակին, կարող եմ ասել, որ մոտ 30-40 տոկոսով նվազել են զանգերի, ցուցադրությունների և գործարքների քանակը։ Այս իրավիճակը մեծ ազդեցություն է ունենում անշարժ գույքի շուկայի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում որքան անշարժ գույք ունեն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները
- Երևանում հոկտեմբերին բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով