Գորիսում ժամանակավոր հաստատված արցախցի երեխաներից 40-ն առանց ծնողական խնամքի են
Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ միակ ճանապարհը փակելու պատճառով 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Գորիսի հյուրանոցներում այս պահին դրսում մնացած ավելի քան 200 արցախցի է տեղավորվել: Panorama.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի տեղեկացրեց, որ Գորիսում շուրջ 60 արցախցի երեխա կա, այդ թվում նաև նորածին։ Շուրջ 40 երեխա առանց ծնողական խնամքի է, ամենափոքրը 7-րդ դասարանում է սովորում։
«Բնականաբար, հատկապես այն երեխաները, ովքեր ծնողական խնամքի չեն՝ իրենց ծողները Արցախում են, իրենք այստեղ, անհանգիստ են, անհամբեր սպասում են ճանապարհի բացմանը։ Մենք փորձում ենք տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների շրջանակներում տարբեր կազմակերպությունների, կառույցների հետ համագործակցելով, երեխաների առօրյան կազմակերպել։ Մեծ մշակութային հաստատություններն արցախցի երեխաների մասնակցությամբ համատեղ երաժշտական միջոցառումներ են կազմակերպում, տարբեր կազմակերպություններ երեխաներին հրավիրում են կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ»,- նշեց փոխքաղաքապետը։
Երեխաներին հատկացվել են գրենական պիտույքներ, ժամանցի խաղեր, հաճախում են պարի խմբակ, սպորտ դպրոց, երաժշտական դպրոցներ։ Ի.Յոլյանի խոսքով, անհատական կազմակերպություններ կան, որոնք հրավիրում են երեխաներին՝ նրանց առօրյան մի փոքր հետաքրքիր դարձնելու համար։
Նա նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են խմբերի ղեկավարների, հյուրանոցների ադմինիստրացիայի աշխատակիցների հետ, փորձում են անհրաժեշտության դեպքում արձագանքել երեխաների կարիքներին, խնդիրներին. հագուստ, ներքնաշոր, հողաթափի անհրաժեշտության դեպքում փորձում են ապահովել, որևէ կերպ համակարգել այդ հարցերը։
«Համայնքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի երեխաների ժամանցը կազմակերպի, փորձում է մի փոքր փոխել նրանց տրամադրությունները»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
- Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Երևանում մնացած արցախցի երեխաներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հանդես կգան յուրահատուկ ակցիայով
- Երևանից Արցախ վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել
- Ժաննա Անդրեասյան. Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների խախտում
- Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին