Օգնության փաթեթի կետերից մեկը Հայաստան ՀԱՊԿ առաքելության ուղարկումն է.Ստանիսլավ Զաս
«Ո՛չ, ՀԱՊԿ-ը մտադիր չէ հեռանալ Հայաստանից կամ մեջքով շրջվել նրան»,-տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
Լրագրողն ասաց, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի հասցեին քննադատական կարծիքների շրջանառումից հետո նաև հարց է հնչում՝ մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից, թե հնարավո՞ր է ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը պետության հանդեպ և ցանկանում է հեռանալ տարածաշրջանից:
Որպես իր ժխտողական պատասխանի հիմնավորում՝ Ստանիսլավ Զասը հիշեցրեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի 5 նիստից 3-ը հրավիրվել է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ և կազմակերպությունը համապատասխան առաքելություն է ուղարկել սահման, որի եզրակացությունների արդյունքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցների փաթեթ է մշակվել:
«Այս իրավիճակում ՀԱՊԿ-ը բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է»,-ասաց Ստանիսլավ Զասը:
Նա հայտնեց, որ երբ ղեկավարում էր Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը՝ հայ բարձրաստիճան պաշտոնյաներից հարց էր հնչում, թե ինչո՞ւ իրենց հետ զորքերը չեն եկել և չեն օգնում օկուպացիայից ազատագրեն ՀՀ տարածքները:
«Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև մի քանի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման հավանականությունը: Այդ պատճառով մոնիթորինգային առաքելության աշխատանքների արդյունքների հիման վրա այն որոշումները, որոնք առաջարկել ենք պետությունների ղեկավարներին՝ ադեկվատ էին ու հավասարակշռված, հետևաբար՝ ես համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է մեջքով շրջվել Հայաստանին»,-հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Հայաստանից հարց հնչեց , թե կազմակերպությունը կարո՞ղ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր, դեկտեմբերի 19-ին, ԵՄ քաղաքացիական առաքելությունն ավարտում է երկամսյա դիտորդական առաքելությունը Հայաստանում:
«Հայաստանին օգնություն ցուցաբերելու փաթեթի կետերից մեկը՝ ՀԱՊԿ առաքելության ուղարկումն է հայ-ադրբեջանական սահման: Փաթեթում, ըստ էության, շարադրված էր այդ առաքելության մանդատի էությունը՝ կազմը, աշխատանքի երկամսյա ժամկետները և խնդիրները: Առաքելության հիմնական նպատակը տեղում իրավիճակի ուսումնասիրությունն է օպերատիվ կերպով արձագանքման համար համապատասխան առաջարկների փաթեթի ներկայացումը Կոլեկտիվ անվտանգության խորհրդին»,-պատասխանեց Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնեց, որ այդ առաջարկները մնում են ուժի մեջ և այն կարող է ընդունվել ամբոջությամբ՝ բոլոր 6 կետով, կամ առանձին-առանձին, որից հետո հնարավոր է օպերատիվ իրականացնել առաջարկը, ինչը մնում է ուժի մեջ:
«Բոլոր դեպքերում, այն պետք է լինի Հայաստանի որոշումը»,-ասաց Ստանիսլավ Զասը
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալում եմ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք կհանգենք փաստաթղթերի ընդունմանը. Զասը՝ Հայաստանին օգնության մասին
- Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը
- Երևանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին
- «Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան