Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է
«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»:
Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է:
Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային ոճով շարադրել է իր կենսագրականը.
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով:
Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ «Աշնան արև:
Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք» գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը», «Ողջ է, աշխատում է Տերը» մեծածավալ գործի, «Եզրով» վիպակի, «Մեռելալույս - Рассеянный свет» վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ին։
Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»։
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել»,- ասել է ամերիկահայ Վիլյամ Սարոյանը։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին։
Գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է.
«Ուսանող էինք: Մի օր գնացինք Գրողների միություն` ինչ-որ միջոցառման մասնակցելու: Մեկ-երկուսը ելույթ ունեցան, իսկ հետո բեմ բարձրացավ Հրանտ Մաթևոսյանը: Ու սկսեց խոսել… Ազնվորեն եմ ասում, տողի, խոսքի այդքան կուռ կառուցվածք, այդքան ամփոփ ու բովանդակ ասելիք ես դեռ երբևէ չէի լսել: Լարվել էի, կլանված էի, սևեռվել էի, որ ոչ մի բառ բաց չթողնեմ, երբ հանկարծ աչքս ընկավ նրա ձեռքերին: Եվ հենց այդ պահից իմ լսելն ավարտվեց:
Նրա ձեռքերն ընդվզել էին տիրոջ դեմ, օտարվել էին նրանից, դարձել էին անկառավարելի ու անկանխագուշակ: Երկու ափերն անհանգիստ իրար էին ագուցվում, հետո մատները ջղաձիգ շարժումներով անջատվում էին, որ հաջորդ պահին մերթ բռունցքվեին, մերթ հուսահատ կախ ընկնեին, մերթ կառչեին պիջակի եզրերից կամ թաքնվեին թիկունքում` այդպես էլ չգտնելով դադարի կետը: Մաթևոսյանը շարունակում էր խոսել, իսկ ձեռքերը խանգարում էին նրան, դրանք անհնազանդ էին, ասես ապրում էին հակոտնյա պրպտումներով, ասես ամաչում էին ինչ-որ բանից, շոշափում էին մերձակա օդը և խուճապի էին մատնվում` չունենալով թանձրացական շերտը իրենց զգացական սեղմումի համար:
Ես չեմ պնդի, թե մատներն ավելի խոսուն էին, քան միտքը, բայց կարող եմ ենթադրել, որ մատներն ուզում էին ասել մի բան, ինչի մասին միտքը պիտի լռեր: Մատների մեջ իր ճշմարիտ էությունն էր, մտքի մեջ` ձեռքբերումը: Մատներն ամբողջ հիշողությունն էին կրում, միտքն այդ հիշողությունից հանում էր միայն պատմելին: Մատները նրա կյանքն էին, միտքը` կենսափորձը…
Եվ հետո, և այսօր էլ ես այդպես էլ չկարողացա վերհիշել, թե ինչի մասին էր խոսում Մաթևոսյանն այն օրը` բեմին կանգնած, բայց բառ առ բառ մտապահել եմ նրա մատների պատմությունը…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան