Եթե առաջիկայում հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա կարող ենք ունենալ ԱԱՊ օղակի մասնագետների սուր պակաս՝ իր բոլոր հետևանքներով
Սովորել քիչ, փող վաստակել հեշտ, արագ ու շատ։ Ահա լայնորեն տարածված այս մոտեցման պատճառով խնդիրներ են ստեղծվել նաև առողջապահության ոլորտում։
Բժշկական պահանջարկ վայելող մասնագիտությունների ընտրության, դրա պատճառների և հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:
Հարց-Պարոն Մելիք-Նուբարյան, այս պահին Հայաստանում որո՞նք են ամենապահանջված մասնագիտացումները բժշկության մեջ:
Պատասխան-Ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է առողջապահության համակարգի առևտրականացում, և դա անդրադառնում է նաև ուսանողների կողմից բժշկական մասնագիտությունների ընտրության վրա: Եվ սա ամենևին արտառոց երևույթ չէ, նախ, քանի որ բժշկական կրթությունը թանկարժեք է, օրինակ՝ միջազգային տվյալների համաձայն բժիշկ պատրաստելու համար միջինում անհրաժեշտ է շուրջ 113.000 ԱՄՆ դոլար, բուժքույր՝ 46.000 ԱՄՆ դոլար, երկարատև և հետո, բնական է, որ բուժաշխատողները ցանկանում են առավելագույն եկամուտ ունենալ իրենց կատարած ծանր աշխատանքից:
Առավել պահանջված են վիրաբուժական պրոֆիլի մասնագետները, գործիքային և լաբորատոր ախտորոշման մասնագետները, ստոմատոլոգները, իսկ թերապևտիկ ուղղությունից կարող ենք առանձնացնել սրտաբաններին և նյարդաբաններին: Թեև, առողջապահական համակարգի տեսանկյունից, առավել պահանջված պետք է լինեին ընտանեկան բժիշկները, մանկաբույժներն ու թերապևտները:
Հարց-Ինչպե՞ս է փոխվել այս միտումը տարիների ընթացքում և ինչո՞ւ են հենց այս մասնագիտությունները գրավում երիտասարդներին:
Պատասխան-Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարվա կտրվածքով, արդեն նշված համակարգի համար մեծ կարևորություն ունեցող մասնագետների թիվը շարունակաբար նվազում է, իսկ այլ մասնագիտություններինը՝ ավելանում: Ի լրումն արդեն նշված առևտրականացմանը, պետք է ավելացնենք նաև Հայաստանում մինչև վերջերս բուժաշխատողների՝ ըստ պահանջարկի պատրաստման և պլանավորման համակարգի բացակայությունը: Սակայն, այս տարի Ազգային ժողովը կատարեց համապատասխան օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց Հայաստանում ներդրվելու է բուժաշխատողների պլանավորման և պատրաստման համակարգը:
Հարց-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս իրավիճակը:
Պատասխան-Հաշվի առնելով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի կարևոր դերը մարդու առողջության պահպանման գործում, այնտեղ աշխատող մարդկանց համեմատաբար բարձր միջին տարիքը, եթե առաջիկայում հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա կարող ենք ունենալ ԱԱՊ օղակի մասնագետների սուր պակաս՝ իր բոլոր հետևանքներով: Հատկապես գյուղական առողջապահության կմաղքը հանդիսացող ընտանեկան բժիշկների մասով, որոնք սպասարկում են շուրջ 1 միլիոն մարդ:
Նաև ուզում եմ նշել, որ մենք ավելի հաճախ խոսում ենք ավագ բուժաշխատողների մասին, սակայն միջին բուժաշխատողների պահանջարկն էլ ավելի սուր է, և 5 տարի շարունակ միջին բուժաշխատողների թիվն անկում է գրանցում: Այսպես, եթե ՏՀԶԿ երկրներում միջինում բժիշկ/բուժքույր փոխհարաբերությունը 1-ին 2.3 է, ապա Հայաստանում այն կազմում է 1-ին 1.1, որի գործնական դրսևորումն է աշխատաշուկայում բուժքույրերի շատ մեծ պահանջարկը, ինչն էլ կարող է անդրադառնալ նաև պացիենտների սպասարկման որակի վրա, քանի որ պացիենտի խնամքի կազմակերպման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է:
Հարց-Պետական մակարդակով և հանրային քաղաքականության շրջանակում ի՞նչ պետք է անել, որ հետագայում հստակ մասնագիտացումներով կադրային խնդիրներ չլինեն:
Պատասխան-Արդեն նշեցի, որ օրենսդրական հիմքերը՝ բուժաշխատողների պլանավորման և պատրաստման համակարգի ծրագրի ներդրման տեսքով արդեն ստեղծվել են, բայց հարցին պետք է մոտենալ ավելի լայն տեսանկյունից:
Կրթական բարեփոխումների այսօրվա հրամայականն է փոխգործակցությունը առողջապահական համակարգի հետ, այսինքն պատրաստել 21-րդ դարի բուժաշխատողներ, որոնք օժտված կլինեն առաջնորդի հատկանիշներով և կկարողանան փոխել իրենց շրջապատող միջավայրը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի առողջապահական համակարգը հստակ ձևավորի իր պահանջներն ապագա մասնագետների թե՛ քանակի, թե՛ գիտելիքների, թե՛ կոմպետենցիաների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան