Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ ներկայացրել են իրենց հետազոտական 2 ծրագրերը, որոնք կատարվել են ՀՀ գիտահետազոտական հիմնարկների հետ համագործակցությամբ:
Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին ներկայացված առաջին նախագիծը՝ «EcoProtein; Single cell protein production as a way of recycling fruit and vegetable wastes» թեմայի հետազոտությունը, կատարվել է ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում: Երկրորդ հետազոտական աշխատանքը՝ «The influence of Wi-Fi Rays on Human Cell cultures; The difference between cancer and non-cancer cells»-ը, իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում:
Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 50 թիմ: Հայաստանի ուսանողների ներկայացրած երկու աշխատանքն էլ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ Գերազանցության մրցանակի /Excellence Award/՝ ստանալով երաշխավորություն՝ տպագրվելու Ինդոնեզիայի գիտական խորհրդի ամսագրում /Journal of Indonesia Scientific Society, JISS/:
Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթի մասնակիցներից Մանե Կուրղինյանի ու Մհեր Սարաֆյանի «ԷկոՊրոտեին, երեք խնդիր՝ մեկ լուծում» նախագիծն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել Հայկական համադպրոցական գիտության փառատոնում՝ դառնալով 2022 թվականին փառատոնի ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկը: