Արցախի դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ ՀՅԴ իրականացրած աշխատանքները շարունակվում են
ՀՅԴ գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․
«Դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումից և շուրջ 120000 հայերի արտաքին աշխարհի հետ ցամաքային կապի միակ միջոցից զրկելուց հետո, սփյուռքի ՀՅԴ կառույցները և Հայ Դատի գրասենյակները լծվել են ստեղծված իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելու և Ադրբեջանի հակամարդկային գործողությունները դատապարտող միջազգային արձագանքներ ստանալու գործին։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու, Բաքվին ռազմաքաղաքական աջակցությունից զրկելու, կյանքի ճանապարհի վերագործարկումն ապահովելու ուղղություններով։
ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի իրականացրած աշխատանքների արդյունքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ կոնգրեսականները նամակ են հղել Ջո Բայդենին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և գործուն աջակցություն ցուցաբերել Արցախին։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադրած ջանքերի արդյունքում Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները Արցախում ստեղծված իրավիճակի խնդրով դիմել են Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները հանգամանորեն մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ագրեսիայի շարունակման դեպքում վերահաս աղետալի հետևանքները։ Նամակով պատգամավորները պահանջել են քայլեր ձեռնարկել ապահովելու «Լեռնային Ղարաբաղում բնիկ հայերի անվտանգությունը»։
Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունով է հանդես եկել Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի ամենամեծ քաղաքական կուսակցությունը՝ «The Australian Greens»ը։
Միջանցքն անհապաղ բացելու կոչով է հանդես եկել նաև աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպություն՝ Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY)-ն։
ՀՅԴ կառույցների ջանքերով այս օրերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում։
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են այս ուղղություններով տարվող աշխատանքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան