«Ոսկի սերմեր». Հանձնվեց Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված 3-րդ մրցույթը։
«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի կազմակերպիչ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից նշում են. «Ի հեճուկս երիտասարդ տարիքի՝ բոլոր մասնակիցներն արդեն գիտակրթական լուրջ հաջողություններ գրանցած, հասարակական աշխատանքի փորձ և ընդգրկուն արժեհամակարգ ունեցող անհատներ էին։ Վայելուչ պահվածք, կառուցիկ խոսք, ներկայանալու ճիշտ ռազմավարություն ունեցող այս օժտված ուսանողների միջից ընտրություն կատարելու խնդիրը բարդ իրավիճակի մեջ դրեց հանձնաժողավի անդամներին, կարծիքների թեժ քննարկում և աշխույժ բանավեճ առաջացրեց»։
Ներկայացվել են նաև հավակնորդներից յուրաքանչյուրի ներկայացրած մոտիվացիոն նամակներից մի քանի տող՝ որպես ծանրակշիռ ապացույց, որ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի մոտոն՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մեք սերմեր ենք», արդեն կարող է համալրվել «․․․և այդ սերմերը ոսկի ծիլեր են տվել» արտահայտությամբ։
ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Դեռևս դպրոցական հասակից ձգտել եմ լինել ոչ թե բարեփոխումներ պահանջող, այլ այդ բարեփոխումները սեփական նախաձեռնությամբ իրականացնող անհատ։ Գիտակցելով, որ մի շարք խնդիրների համակարգային լուծման բանալին առավել գիտակիրթ հասարակության ձևավորումն է, որոշել եմ դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը և նորարական գիտության շնորհիվ լուծել երկու խնդիր՝ նպաստել երկրի ռազմաարդյունաբերական զարգացմանը և իմ օրինակով երիտասարդների մեջ սեր ձևավորել գիտության նկատմամբ»։
ԱՆԻ ԲՐՍՈՅԱՆ
«Յուրաքանչյուր հզոր երկրի ամուր հիմքը գիտելիքով զինված քաղաքացին է։ Սա այն կարևորագույն բանաձևն է, որ պետք է գիտակցենք յուրաքանչյուրս՝ լավ ապագայի անբեկանելի հավատը մեր մեջ կրելով»:
ԱՐԱՄ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ
«Լինելով քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, Ֆիզմաթ հատուկ դպրոցի շրջանավարտ և ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող՝ կարծում եմ՝ առավելագույնս կարող եմ օգտակար լինել գիտական ոլորտում։ Ուսումնասիրելով աշխարհում գիտության գրանցած հաջողությունները, հաշվի առնելով երկրիս աշխարհագրական դիրքն ու ռեսուրսները՝ կարևորում եմ գիտության դերը մեր երկրի զարգացման և ապահով ապագա կառուցելու գործում»:
ՀԱՍՄԻԿ ՄԽՈՅԱՆ
«Նպատակին հասնելու համար պետք են նոր կադրեր, նոր գիտնականներ, ովքեր իրենց փորձով պատրաստ կլինեն կիսվել սերունդների հետ, ինչի արդյունքում էլ կկերտվի ու կարմատավորվի գիտությամբ երկրի պաշտպանության և զարգացման համար անհրաժեշտ մասնագետների ձևավորման մշակույթ»։
ՍՎԵՏԱ ԱՆՏՈՆՅԱՆ
«44-օրյա պատերազմը ես մեկ անգամ մեզ ապացուցեց, որ անկախ իրավիճակից՝ մենք պարտավոր ենք առաջ շարժվել։ Ինչպես ասում են «Կյանք՝ կյանքի դիմաց»․ սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապրել այն տղաներ համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր խաղաղ ապագայի։ «Ոսկի սերմեր» կրթամրցանակին մասնակցությունը ինձ՝ որպես ԻԿՄ ուսանողի, հնարավորություն կտա ինչ-որ կերպ շարունակել Ռուբեն Համբարձումյանի կիսատ թողած գործը»։
«Օժտված, շնորհաշատ այս երիտասարդների մտքերը Ռուբեն Համբարձումյանի լույս հիշատակը կենդանի պահելու լավագույն երաշխիքն են։
Հանձնաժողովի որոշմամբ Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված 200000 դրամ կրթամրցանակը կբաժանվի հավակնորդներից 2-ի՝ Արամ Բուղդարյանի և Սվետա Անտոնյանի միջև։ Կրթամրցանակները կհանձնվեն համալսարանական միացյալ արարողության ժամանակ։
Հարցազրույցին Ռուբենի մայրիկի հետ ներկա էր նաև մեր մեկ այլ սխրագործ հերոսի՝ Շանթ Նավոյանի մայրիկը։ Խոնարհվելով մեր երկու անմահների խնկելի հիշատակի առաջ՝ շնորհակալություն ենք հայտնում «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐԻ» գաղափարը կարևորելու և տարածելու համար․ Նավոյան ընտանիքը, ոգեշնչված «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի երախտագիտության և հարգանքի կրթամրցանակների հայեցակարգով, որոշել է նման կրթամրցանակներ բացել նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում։
Շնորհակալ ենք նաև ԻԿՄ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին՝ կրթական բարձր մակարդակով հայրենատեր քաղաքացիներ ձևավորելու համար։
Մեր հանձնառությունը՝ շարունակել «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագիրը, ամուր հիմք ունի՝ շնորհիվ կրթամրցանակի բարերար «ՔՐԱՄԲՍ» հաղթուխարանի մշտական օժանդակության։
Երիցս փա՛ռք Ռուբենին, Շանթին և մեր մյուս ոսկի սերմերին»,- գրում է հիմնադրամը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկի սերմեր». Ցավն անդարմանելի է, բայց այն պետք է հաղթահարել այնպես, ինչպես արել է Էրիկ Հաջիկյանը
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխություն
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը