Եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի. Աբրահամյան
«Ունենք փաստ՝ Հայաստանի իշխանությունն իր քաղաքականությամբ իրավիճակը բերել, հասցրել է նրան, որ ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, երկրորդ՝ ռուս խաղաղապահ առաքելությունն իր վրա դրած գործառույթը, ըստ էության, պատշաճ չի կատարել առ այս պահը, բավականին մեծ սպառնալիքներ է ստեղծվել Արցախում ապրող մեր հայրենակիցների համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, որքան էլ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումը քննարկվի հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական, անվտանգային խնդիր է, քանի որ եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։
«Ցանկացած իրավիճակի պատասխանատվությունը իշխանություններինն է, անկախ նրանից՝ այդ պահին իշխանության Նիկոլն է, թե Պողոսը»,- ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է տարբեր գրասենյակների առաջ հավաքներին, ըստ նրա, պետք է հասկանալ, որ գլխավոր պատասխանատվությունը կառավարության շենքում նստող անձերինն է ու նրանց քաղաքական թիմին։
«Գլխավոր խնդիրն է հասկանալ, լավ, եթե Ռուսաստանն իր ֆունկցիան չի իրականացնում, որևէ փուլում լինում է ոչ էֆեկտիվ, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագրով։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանի ցանկացած մարզում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ ռեսուրսը, հնարավարությունը ու այս պայմաններում անվտանգություն իրականացնելու որևէ նպատակ չի կարող իրականացնել։ Այդ ժամանակ էլ կառաջանա Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը, կասեն, գիտեք Ռուսաստանը Հայաստանի հետ ունի պայմանավորվածություն, չիրականացրեց, բա ինչ անի խեղճ իշխանությունը։
Այսինքն՝ այս իրավիճակում պետք է իշխանությունը հնչեցնի, թե ինչ է անում անկախ նրանց, թե ինչ է անում Ռուսաստանը, համանախագահող երկրների ղեկավարները։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը, արդյոք Հայաստանն այստեղ չունի առաքելություն, պատասխանատվություն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա ընդգծեց, որ եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի։
«Այս իրավիճակի համար առաջին պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է ու Հայաստանի իշխանությունը չի կարող մի կողմ քաշվել, սահմանափակվել նամակներով ու պատասխանատվությունը բարդել միջազգային տարբեր կազմակերպությունների վրա», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել
- Տիգրան Աբրահամյան. Այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան