Վրացական ապրանքների արտահանումը Հայաստան աճել է
2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրանքների արտահանումից Վրաստանի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,8 տոկոսով։
aliq.ge-ի հաղորդմամբ, 2022 թվականի հունվար-նոյեմբերին վրացական ապրանքների արտահանումը Հայաստան և Ղազախստան զգալիորեն աճել է։ Այս տարի Հայաստանը Վրաստանի արտահանողների 4-րդ տեղն է զբաղեցնում։ Վրաստանն ամենաշատ ապրանք արտահանել է Չինաստան (660,7 մլն դոլար), նրան հաջորդում են Ռուսաստանն (597,9 մլն դոլար) ու Ադրբեջանը (595,5 մլն դոլար), այնուհետև Հայաստանն է (495,6 մլն դոլար):
Արտահանումն աճել է բոլոր խոշոր գործընկերների հետ, բացառությամբ Ուկրաինայի։ Չնայած դրան, Ուկրաինան շարունակում է մնալ արտահանող երկրների առաջին տասնյակում, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հինգերորդ տեղից տեղափոխվել է ութերորդ տեղ։