Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Արտակ Բեգլարյան
«Իմ գնահատմամբ, Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել, ու Ադրբեջանի գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը կտրուկ չի բարձրացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կլսի ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ հնչեցված Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերը, կարձագանքի՞ դրանց։
Նա նշեց, որ այդ գինը կարող է լինել ֆինանսական չափումով, քաղաքական, ռազմաքաղաքական, անձամբ Ալիևի կամ նրա մտերիմների հանդեպ պատժամիջոցները։
«Պետք է գին բարձրացնել, այլ տարբերակ չունենք։ Այդ գինը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը։ Գինը կարող ենք փոքր դրվագներով մենք էլ բարձրացնել՝ Արցախի Հանրապետությունը, իհարկե, Հայաստանի աջակցությամբ՝ տեղում գործոություններ, տեղում դիմադրություն ստեղծելով։ Պարտադիր չէ միայն ռազմական դիմադրություն՝ հասկանալով բոլոր հնարավոր սահմանափակումերը։ Մեր գործողությունները պետք է միտված լինեն ոչ թե Ադրբեջանի հեղինակությունը նվազեցնելուն, բարոյական հաղթանակների, արժեքների մասին խոսել, այլ Ադրբեջանի պրակտիկ շահերին հարվածելով»,- ասաց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն առաջին հերթին կարող է և պետք է դա անի, որովհետև սա ՀՀ-ի առաջնահերթ խնդիրն է, սա միայն Արցախի հարցը չէ։
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս քննարկումը նախաձեռնել է հենց Հայաստանը։ Կան հստակ դիվանագիտական գործիքակազմեր, ՀՀ-ն ունի միջազգային հարաբերություններ տարբեր երկրների հետ, շահերի համախումբ, տարբեր լծակներ՝ թույլ կամ ուժեղ։ Բոլոր հնարավոր լծակները պետք է կիրառվեն, չեղած լծակները պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի ազդել տարբեր դերակատարների վրա, և նրանք ազդեն Ադրբեջանի վրա։ Դա կլինի ՄԱԿ, Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ, թե մեկ այլ երկիր, որոնք կարող են ազդել Ադրբեջանի վարքի վրա»։
Նա կարծում է, որ ՀՀ խնդրին առնչվող բոլոր պետական մարմինները առավոտից երեկո պետք է այդ հարցով զբաղվեն, քանի որ սա կենսական խնդիր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար։
«Մենք կարմիր գծի առջև ենք կանգնած և չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը կարմիր գիծ հատի ու մարսի։ Եթե նա մարսեց, հաջորդ գործողությունը շատ ավելի վատն է լինելու, օրինակ, «Զանգեզուրի միջանցքի» ուժով բացումը, որովհետև անընդհատ տեսնում է, որ անպատժելիություն է տիրում, Հայաստանից, Արցախից, Սփյուռքից բավարար դիմադրության չի արժանանում, բարձր գին չի վճարում, դրա համար անընդհատ կարմիր գծեր խախտելով, փոքր-փոքր գործողությունների մարտավարությամբ անընդհատ բարձրանում է իր նպատակների, գործողությունների նշաձողը, ու հասնում է այդ նշաձողին»։
Նա ասաց, որ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները բազմաթիվ լիազորություններ ունեն. «Միակ կառույցն է, որը լիազորություն ունի նաև հարկադրելու կոնկրետ բաներ։ Նույնիսկ խաղաղության հարկադրման գործիքակազմեր ունի՝ խախտելով երկրների ինքնիշխանությունը։ Եթե այլ միջազգային կառույցներ պարտավոր են երկրի իշխանությունների հետ համաձայնեցնել իրենց գործողությունները, ՄԱԿ-ի ԱԽ-ն բացառիկ լիազորություն ունի նույնիսկ ուժ կիրառելու, որպեսզի մարդկության, խաղաղության դեմ հանցագործությունները կանխի կամ դադարեցնի»։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ջանքերի մի զգալի մասը պետք է ուղղվի ՄԱԿ-ի ներգրավածության բարձրացմանը, Արցախում ՄԱԿ-ի կառուցների մշտական ներկայությանը, իհարկե, ՌԴ հետ համագործակցաբար. «Սա չպետք է ՌԴ դեմ գործողություն դիտարկել, քանի որ ամեն դեպքում տարածաշրջանում ՌԴ կենսական շահերն ու լծակները բավականին մեծ են, ազդեցիկ են, պետք է հաշվի նստել նաև դրա հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
- ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
- Ադրբեջանցիներն ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում ճանապարհը. Բեգլարյան
- Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության գործողությունները գնահատում է բացասական
- Համոզված եմ, որ հիմա էլ հնարավորության դեպքում դուք Արցախում կլինեիք. Բեգլարյանը՝ բժիշկներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին