HRW. ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել հումանիտար սարսափելի հետևանքների
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը արգելափակված է դեկտեմբերի 12-ից ի վեր՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում։
Ճանապարհի փակ լինելը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դուրս գալ այնտեղից։ Հաղորդվում է, որ ավելի քան հազար մարդ արգելափակված է այս կամ այն կողմում ու չի կարողանում տուն հասնել։ Նրանց թվում են տասնյակ երեխաներ, ովքեր դպրոցական էքսկուրսիա էին մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան, և այժմ նրանց թույլ չեն տալիս վերադառնալ իրենց ծնողների մոտ։
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Նա ընդգծել է՝ անկախ այն բանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը մնա բաց՝ ապահովելու մարդկանց ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքներին և ծառայություններին նրանց հասանելիությունը:
«Որքան երկար տևի հիմնական ապրանքների և ծառայությունների խափանումը, այնքան ավելի մեծ է քաղաքացիական անձանց սպառնացող վտանգը»,-նշել է նա։
Հոդվածագիրը նկատում է՝ անկախ այն հանգամանքից, ցուցարարներն իրակա՞ն բնապահպանական մտահոգություններ ունեն, թե՞ այլ դժգոհություններ, Ադրբեջանը պետք է այնպես անի, որ ճանապարհը բաց մնա ազատ տեղաշարժի համար և բողոքի ակցիան չզրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնական ծառայություններից, ապրանքներից օգտվելու իրավունքից:
«Հումանիտար իրավիճակն ավելի էր սրվել բնական գազի մատակարարման խաթարման հետևանքով, որը Լեռնային Ղարաբաղ մատակարարվում է Հայաստանից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով ձգվող խողովակաշարով: Դեկտեմբերի 13-ից սկսված գազամատակարարման դե ֆակտո իշխանություններին սըիպեց հայտարարել դպրոցների փակման մասին՝ ձմռան եղանակային պայմանների պատճառով: Ադրբեջանի պետական գազային ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում խափանման համար։ Գազամատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին»,-ասված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան