Հարութ Սասունյան. Թուրք քաղաքացի է բանտարկվել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալները Թուրքիա ուղարկելու համար
2021 թվականի հունիսին ես հոդված գրեցի մի թուրքի մասին, որն Արդարադատության նախարարության կողմից մեղադրվում էր ԱՄՆ պաշտպանության տեխնիկական տվյալները Թուրքիա ապօրինաբար ուղարկելու մեջ։ 53-ամյա Արիֆ Ուգուրն անցյալ շաբաթ դատապարտվեց 33 ամսվա ազատազրկման, այնուհետև՝ երկու տարի վերահսկվող ազատ արձակման: Նա 2002 թվականից ընդհատումներով ապրել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ մշտական բնակիչ:
Ուգուրը ձերբակալվել է 2021 թվականին և մեղադրվել. 1) Միացյալ Նահանգներից Թուրքիա առանց արտահանման արտոնագրի պաշտպանության տեխնիկական տվյալներ արտահանելու դավադրության. 2) Միացյալ Նահանգներից Թուրքիա առանց արտահանման արտոնագրի տեխնիկական տվյալներ արտահանելու. և 3) պաշտպանության նախարարությունից (ՊՆ) կեղծավորությամբ պայմանագրեր ձեռք բերելու ծրագրի մշակմամբ՝ էլեկտրոնային խարդախության համար:
2005 թվականին Ուգուրը Մասաչուսեթսում հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ Anatolia Group ընկերությունը, որը ներկայացվել է որպես պաշտպանության նախարարության համար հատուկ սարքավորումներ և մասեր արտադրող ու մատակարար: Նա եղել է ընկերության միակ սեփականատերը։
Միացյալ Նահանգների կառավարությունը Ուգուրին պաշտոնապես մեղադրել է դավադրության մեջ՝ պաշտպանության նախարարությանը ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող տարբեր մասեր և սարքավորումներ մատակարարելու համար տասնյակ պայմանագրեր ձեռք բերելու մեջ։ Այդ պայմանագրերով պահանջվում էր, որ մասերն արտադրվեին ԱՄՆ-ում: Ուգուրը կեղծորեն պնդել է, որ իր ընկերությունը կարտադրի այդ մասերը ԱՄՆ-ում գտնվող իր ձեռնարկություններում, սակայն պարզվել է, որ Anatolia Group-ը կեղծ ընկերություն է, որն արտադրական հարմարություններ չունի Միացյալ Նահանգներում: Փոխարենը, նա մասերն արտադրել է Թուրքիայում՝ խախտելով ԱՄՆ օրենքները: Ավելին, արտասահմանում արտադրված որոշ մասեր անորակ էին և չէին կարող օգտագործվել իրենց նախատեսված ռազմական նպատակների համար:
Ուգուրը Թուրքիայում արտադրողին ապօրինի կերպով տրամադրել է տեխնիկական բնութագրեր և մասերի գծագրեր, որոնք նա ձեռք է բերել Պաշտպանության նյութատեխնիկական գործակալությունից (DLA): Գծագրերից և բնութագրերից մի քանիսը պահանջում էին արտահանման արտոնագիր, որը Ուգուրը չէր ստացել, թեև նա գրավոր համաձայնել էր կատարել խիստ իրավական պահանջները՝ չբացահայտել, չփոխանցել կամ չտրամադրել օտարերկրացիներին պաշտպանական տեխնիկական տվյալներ։ 2015 թվականի օգոստոսի 13-ին, մասերի տեխնիկական բնութագրերն ու գծագրերը ստանալուց հետո, Ուգուրը երեք անձանց Թուրքիայում տեղեկացրեց, թե ինչպես մուտք գործել DLA-ի «Համագործակցության թղթապանակները» ինտերնետի միջոցով, ներառյալ դրա «ռազմական կարևոր տեխնիկական տվյալների» գրադարանը։
Ուգուրը 2016 թվականին ԱՄՆ կառավարությանն ասաց, որ մասերն արտադրվել են Anatolia-ի կողմից Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքում գտնվող Woodmont Road 90 հասցեում, բայց իրականում դրանք արտադրվել էին Թուրքիայում: Երբ կառավարությունը պահանջեց ստուգել մասերը ԱՄՆ-ում գտնվող իր գործարանում, Ուգուրը դրանք ուղղակիորեն հանձնեց Պաշտպանության նախարարությանը՝ այդպիսով խուսափելով իր կառույցում ստուգումներից: Ավելին, ՊՆ-ն պարզեց, որ Ուգուրի մատակարարած մասերը չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին: Հետևաբար, ՊՆ-ն հրաժարվեց վճարել և անհաջող փորձ արեց այդ մասերը վերադարձնել նրան:
Ուգուրը համանման խախտում թույլ տվեց 2016 թվականին, երբ էլեկտրոնային փոստով ԱՄՆ տեխնիկական տվյալներն ուղարկեց Թուրքիայում AYPIK-ի մի աշխատակցի։ Հերթական անգամ արտադրված մասերը չեն համապատասխանել պայմանագրային բնութագրերին:
2021 թվականի հուլիսի 21-ին Բոստոնում ձերբակալվելուց հետո Ուգուրին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին պաշտպանական տեխնիկական տվյալների ապօրինի արտահանման և ամերիկյան տարբեր ռազմական մասերի արտադրության խարդախության համար՝ խախտելով զենքի արտահանման վերահսկման օրենքը:
2022 թվականի օգոստոսի 10-ին Ուգուրն իրեն մեղավոր ճանաչեց էլեկտրոնային կապի խարդախության համար (երկու անգամ), զենքի արտահանման վերահսկման ակտի խախտման համար (երկու անգամ) և զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու դավադրության համար (մեկ անգամ):
Ուգուրը «դիտավորյալ խաբել է Պաշտպանության նախարարությանը և թույլ է տվել այլ անձանց մուտք գործել վերահսկվող պաշտպանական տեղեկատվություն օտար երկրում [Թուրքիա] անձնական շահի համար», ասել է Արդարադատության նախարարության Ազգային անվտանգության բաժնի գլխավոր դատախազի օգնական Մեթյու Գ. Օլսենը: «Արտահանման վերահսկման մեր օրենքների այս տեսակ կոպիտ անտեսումը սպառնում է մեր ռազմական պատրաստվածությանը և տեխնոլոգիական առավելություններին և չի հանդուրժվի այս գերատեսչության կողմից»:
Թուրքիայում մի քանի թերթեր և կայքեր տեղեկացրեցին ԱՄՆ-ում թուրք քաղաքացու բանտարկության մասին: Բայց զարմանալիորեն նրանք իրենց հոդվածներում Ուգուրի փոխարեն հրապարակեցին իմ լուսանկարը։
Հետագա հետաքննության արդյունքում ես հայտնաբերեցի, որ Արիֆ Ուգուրի մասին հոդված գրելուց մեկ տարի անց Հայաստանում «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը վերատպել է իմ հոդվածը՝ ավելացնելով իմ լուսանկարն իր արխիվից, որտեղ հստակ պատկերված էր «Նոյյան Տապանի» անունը՝ անգլերեն և հայերեն: Լուսանկարն արվել է մի քանի տարի առաջ, երբ Հայաստան կատարած այցելություններիցս մեկի ժամանակ մամուլի ասուլիս էի տվել «Նոյյան Տապանի» գրասենյակում։
Ամենայն հավանականությամբ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց Միացյալ Նահանգների դաշնային դատարանի կողմից Ուգուրի դատավճիռը, թուրքական լրատվամիջոցները ցանկացան հրապարակել նրա լուսանկարը հոդվածում։ Չիմանալով, թե ինչպիսի տեսք ունի Ուգուրը և համացանցում գտնելով «Նոյյան Տապանի» կողմից հրապարակված Ուգուրի մասին իմ լուսանկարով հոդվածը՝ թուրքական լրատվամիջոցները սխալմամբ ենթադրել են, որ դա Ուգուրի լուսանկարն է։ Այսպես իմ նկարը տպագրվեց մի քանի թուրքական թերթերում։
Ես մտադրություն չունեմ կապ հաստատել թուրքական լրատվամիջոցների հետ, որպեսզի ասեմ նրանց, որ Ուգուրի լուսանկարի փոխարեն հրապարակել են իմ լուսանկարը և խնդրեմ ուղղել իրենց սխալը։ Ես չեմ ուզում ժամանակս վատնել, քանի որ չեմ հավատում, որ թուրքական լրատվամիջոցները նույնիսկ կարձագանքեն իմ էլեկտրոնային նամակին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
- Հարութ Սասունյան. Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը
- Հարութ Սասունյան. Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել իր այլախոհ քաղաքացիներին արտերկրից հետ բերելու համար
- Հարութ Սասունյան. Թուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին
- Հարութ Սասունյան. «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» պառակտում է հայերին
- Հարութ Սասունյան. «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը