Էլբակյան. Արցախի հարցը հայկական քաղաքական հարց է
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ»-ի հիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Երեկվա միջոցառմանը մասնակցել եմ միայն Օպերայում։ Ես չեմ կարող որևէ դեսպանատնից պահանջել իմ ազգային-քաղաքական հարցերի լուծումը։ Ավելի ճիշտ՝ կարող եմ, բայց դրանից առաջ պիտի սկզբունքային ազնվություն ունենամ՝ պատռելու հայկական կապույտ անձնագիրս՝ փոխարենը նանսենյան անձնագիր վերցնելով։
• Միջոցառման ընթացքում ինձ մոտեցավ արցախցի ընկերներիցս մեկը, հարցերց՝ արդյոք «մենք պահանջ չունե՞նք ՀՀ կառավարությունից», ինչին ես պատասխանեցի, որ անձամբ ես ու իմ ընկերները ունենք։ Պարզվեց, որ ես էլ, արցախցի ընկերս էլ այդ միջոցառմանը եկել ենք Արցախին նեցուկ կանգնելու սկզբունքային դիրքորոշմամբ՝ թեպետ բուն միջոցառումը քաղաքական մտքի իմաստով հեռու էր դրանից, քանզի չէր հասցեագրում հիմնական պրոբլեմը՝ Արցախը հանձնած և հանձնող ՀՀ դե-ֆակտո իշխանություններին։
• Ապաքաղաքական քաղաքական միջոցառումներ չկան։ Եթե կազմակերպված պահանջ ունես, թեկուզ՝ ՄԱԿ-ից, դա արդեն քաղաքական միջոցառում է։ Երբ դու տեքստ ես ասում առ այն, որ «ՄԱԿ-ում հիմա նիստ է, պետք է տեսնեն, որ շատ ենք», դա քաղաքական տեքստ է։ Իսկ դերասաններն ու երգիչները քաղաքական միջոցառումներ չեն կազմակերպում, այդ միջոցառումները կազմակերպում են քաղաքականությամբ զբաղվողները, անգամ եթե նրանք չեն երևում։
• Արցախի հարցը քաղաքական հարց է, մե՛ր հարցն է՝ ո՛չ ռուսինը, ո՛չ ֆրանսիացունը, ո՛չ էլ «միջազգային հանրությանը»։ Այդ գիտակցմամբ ես՝ որպես քաղաքական հայ, մասնակցել եմ 2021 թ․ ընտրություններին՝ իմ քվեն տալով իրական ընդդիմադիր ուժի՝ ակնկալելով, որ հաղթանակից հետո վերջինս կզբաղվի Արցախի դատով, այդ թվում՝ միջազգային կառույցներում…
• Ցավոք, ընտրությունների ճանապարհով այս անգամ չստացվեց ազատվել թուրքական լծից, ինչը, սակայն, չի նշանակում, որ Արցախի հարցը դրանով դադարել է մե՛ր հարցը լինելուց։ Եթե ես մինչ այս պահը ի վիճակի չեմ եղել իմ երկրի ներսում իշխանության հարց լուծել, ես ո՞վ եմ, որ ուրիշ մեկից ինչ-որ բան պահանջեմ։
• Պատկերացրե՛ք՝ մեկի կողակիցը «ման էկող» լինի, բայց այդ մարդը հարևաններին անուն դնի, թե խի էրեխուն մինչև էսօր չեն մկրտել։ Կամ պատկերացրե՛ք, որ բանտախցերից մեկում նայողը «ցածր սոցիալական պատասխանատվությամբ տղամարդ» լինի, բոլորը խելոք ենթարկվեն իրեն, չփորձեն տապալել իր իշխանությունը, բայց միևնույն ժամանակ մեծ-մեծ փրթեն, որ մյուս բանտախցերի նայողները չեն կարողանում ճշտով կառավարել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա