Թուրքիան կարող է ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների միջուկային ռեակտորներ գնել
Թուրքական կառավարությունը և մասնավոր ընկերությունները բանակցություններ են վարում Վաշինգտոնի հետ փոքր մոդուլային ռեակտորների գնման հնարավորության շուրջ, որոնք կօգնեն Անկարային նվազեցնել ածուխով աշխատող էլեկտրակայանների օգտագործման ծավալները։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։
«Թուրքիայում մեծ հետաքրքրություն կա միջուկային էներգիայի նկատմամբ՝ որպես ածուխով աշխատող էլեկտրակայանների փոխարինող»,-գործակալությանն ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջուկային առևտրային մրցունակության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը և հավելել «Խնդիրն այն է, թե ինչպես կիրականացվի երկրների կառավարությունների համագործակցությունը, որպեսզի այդ ժամանակ հնարավոր լինի անցնել ձեռնարկությունների մակարդակով համագործակցության»։
Նրա խոսքով, խոսքը գնում է մինչև 35 ռեակտոր գնելու հնարավորության մասին։ Թե կոնկրետ ինչպես կիրականացվի ֆինանսավորումը, եթե բանակցությունները տանեն իրական գործարքի, դեռ հայտնի չէ։ Bloomberg-ի հաշվարկներով՝ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։
Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան ունի ածուխով աշխատող 68 էլեկտրակայան, որոնց բաժին է ընկել անցյալ տարի երկրում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Մինչև 2053 թվականը պետությունը նպատակ ունի հասնել ածխածնի զրոյական արտանետումների։