Տարվա հայերեն բառը
Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։
Ընտրության համար առաջարկել էին 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։
Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը):
Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։
«Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է»,- նշում են կոմիտեից։
Երկրորդ տեղում ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ բառն է (16%):
Բանակաշինությունը բանակը ստեղծելու, ձևավորելու և մշտապես բարեփոխումներ իրականացնելու գործընթացն է։ Երկրորդ տեղը զբաղեցնելը զարմանալի չէ, քանի որ բառն արդիական է և հաճախադեպ։
Երրորդ տեղում ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառն է (11%):
Ինքնիշխանությունը երկրում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում այլ իշխանություններից բացարձակ անկախությունն է։ Բառը հատկապես այժմ հաճախադեպ է, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կարևոր է պահպանել ինքնիշխանությունը։
Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ (8%), ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ (7%), ԳՐՔԱՏՈՆ (7%), ՏԵՍԱԲԱՑԻԿ (6%) բառերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան