Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի արձագանքը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից հակամարդկային քայլ է
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Եվրոպական դատարանի կողմից երեկ կայացրած որոշումը՝ բավարարել Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, գնահատում է բովանդակային, ձևակերպումների առումով բավականին ճիշտ, օբյեկտիվ իրականությունն արտացոլող։
«Դժվար է այն համարել դեպի հայկական կողմը թեքված որոշում, կարծում եմ, փաստերի, ապացույցների վրա հիմնված օբյեկտիվ, իրականությունն արտացոլող որոշում է առնվազն»,- ասուլիսում ասաց նա։
Ե. Կիրակոսյանի խոսքով, այս որոշման վրա պետք է շարունակել աշխատել, նաև քաղաքական առումով պետք է փորձել օգտագործել. «Այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր հետագա դիվանագիտական, քաղաքական աշխատանքից»։
Նրա խոսքով, դատարանից ակնկալիքները, հասկանալի պատճառներով, շատ բարձր չեն եղել, քանի որ գիտեն՝ դատարանը նման միջոցներ կիրառելիս իրավական տեսանկյունից ունի նախ հստակ շրջանակներ, այսինքն անսահմանափակ չի գործում, երկրորդ՝ դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնել։
«Կարծում ենք՝ դատարանի արձագանքն այս իրավիճակին նաև պայմանավորված է նրանով, որ իրականում տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից անտրամաբանական ու հակամարդկային քայլ է, այս ամեն ինչին գումարած առողջական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացու մահը՝ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չունենալու պատճառով։ Կան սուր առողջական այլ խնդիրներով արցախցիներ ևս։ Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, շարունակելու ենք հետևել՝ ներկայացնելու լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա ընթացքը կարողանանք ապահովել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:
«Սա նշանակում է՝ առաջին՝ առողջական խնդիրներ ունեցողները, երկրորդ՝ մարդիկ, ովքեր մնացել են ճանապարհին առանց օթևանի կամ առանց ապրուստի միջոցների, այսինքն մնացել են Արցախից Հայաստան կամ Հայաստանից Արցախ ճանապարհին, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց անվտանգ անցումը ճանապարհով»,- բացատրեց Կիրակոսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստան երկու պահանջ էր ներկայացրել՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել կարիք ունեցողերի տեղաշարժը, ըստ էության ստացվում է, որ ՄԻԵԴ-ը միայն երկրորդ պահանջն է բավարարել՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը», կարելի՞ է անել եզրակացություն, որ ՄԻԵԴ-ն իսկապես Ադրբեջանին ցուցում չի տվել բացել, ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Եվրոպական դատարանի կողմից նման ձևակերպում տալն ունի պատճառներ։ Մենք, իհարկե, պահանջել էինք ապաշրջափակել ճանապարհը, փորձել էինք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն՝ դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը պաշտպանող, 3-րդ հոդվածով՝ անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի արգելք, բացառիկ դեպքերում 8-րդ հոդվածով՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, որոնցով պաշտպանող իրավունքների համար, երբ կա անդառնալի վնասի ռիսկ, այդ պարագայում դատարանում կիրառում է միայն այս միջոցը։ Այսինքն՝ դատարանից ակնկալել, որ միայն ասելու էր՝ բացել ընդհանրապես, սխալ կլիներ, դատարանը երբեք այդպիս բան չէր ասի, իր ցանկացած գործողություն պետք է կապեր կոնկրետ իրավունքի հետ։
Նույնիսկ եթե մենք դատարանից ստացել ենք սա, արդեն բավականին մեծ քայլ է»։
Նա նշեց, որ դատարանը հղում անելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, հիշեցնում է Ադրբեջանին իր պարտավորության մասին. «Կարծում եմ՝ սա նշանակում է, որ միջանցքը պետք է բացվի, քանի որ եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է՝ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովել անվտանգությունը։ Դատարանը պատահաբար չէ որոշման տեքստում մեջբերում այդ հոդվածն ու դրա վրա կառուցում իր որոշումը։ Եթե այս տրամաբանությամբ մեկնաբանենք, շատ լայն է ստացվում, իմ կարծիքով սա նշանակում է կարող ենք փորձել, վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով»։
Հարցին՝ եթե Ադրբեջանն, ամեն դեպքում, միջանկյալ միջոց կիրառելուց հետո շարունակում է փակ պահել ճանապարհը, ի՞նչ գործիքակազմ կա, ի՞նչ է սպասվում, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Ադրբեջանի կողմից, բնական է, շատ գերքայլեր չենք էլ ակնկալում։ Ցավոք սրտի, գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց զուտ եթե ֆորմալ առումով խոսենք, Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորությունը կա. նախ՝ Նախարարների կոմիտեի հարթակը կա, որին ծանուցելու հնարավորություն ունի դատարանը իր կիրառած միջոցների մասին։
Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետևում է նաև դատարանի վճիռների կատարման ընթացքին։ Նախարարների կոմիտեն պետք է անհրաժեշտության դեպքում քննարկի, միջամտի այս հարցերին, հասկանա, թե քաղաքական առումով ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»։
Ե. Կիրակոսյանը նաև նշեց, որ եթե հարցը շարունակեն բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, մի քիչ ավելի լայն միջոց ստանալու հնարավորություն կա, հիմա քննարկվում է այդ հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ՄԻԵԴ` ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշումից ոգևորվելու որևէ բան չկա
- Եվրոպական դատարան․ Վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը
- Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Արա Ղազարյան. Եթե նույնիսկ ՄԻԵԴ-ը վարույթը կարճի, միևնույն է, այն զսպող ազդեցություն ունի
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին