Համարյա ամեն մեկիս մեջ ապրում է հնագետ, կարևոր է՝ արթնացնել այդ հնագետին
Պատմամշակութային ժառանգությամբ հարուստ Հայաստանի տարբեր հնավայրերում չնայած տասնամյակներ շարունակ իրականացվել են պեղումներ, սակայն դրանք շարունակվում են, ու հնագետների կողմից նորանոր բացահայտումներ արվում։ Առաջին հայացքից կարող է այնպիսի տպավորություն լինել, որ հնագետը Հայաստանում պետք է պահանջված մասնագետ լինի, իսկ հնագիտությունը՝ հեռանկարային մասնագիտություն։ Սակայն պատկերը լիովին այլ է։
Panorama.am-ը զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի հետ։
Panorama.am - Հայաստանում շատ են հնավայրերը, որտեղ պեղումներ են ընթանում, որոնք պեղման-մաքրման կարիք ունեն։ Սակայն մասնագետների կողմից մշտապես հարց է բարձրաձայնվում՝ Հայաստանում հնագետները քիչ են։
Միքայել Բադալյան - Նախ և առաջ եթե մենք ուզում ենք հնագետ ունենալ, մենք պետք է փոխենք վերաբերմունքը հնագետի նկատմամբ, ընկալումը հնագետի, թանգարանի աշխատողի, ընդհանրապես գիտնականի նկատմամբ։
Ես չեմ հորինել «սոված գիտնական», «կտցրած պրոֆեսոր», «գիրք կրծող» արտահայտությունները։ Երբ մենք դպրոցում սովորում էինք, այդ ժամանակ սովորելը համարվում էր վատ երևույթ։ Ջութակ նվագելը չէր ողջունվում։ Ողջունվուր էր ռաբիսը։ Իդեալները փոխված էին։ Այս ամենը բերեց նրան, ինչ մենք ունենք այսօր։
Կրթությունը չափազանց կարևոր է։ Կրթությունն ամեն ինչի հիմքն է։
Panorama.am - Հիմա, կարծեք, մի քիչ փոխվել են այդ ընկալումները, գիտությանը զգալի տեղ է հատկացվում։
Միքայել Բադալյան - Հիմա փոխվել են ընկալումները, բայց մենք պետք է էլի փոխենք։ Օրինակ, լսե՞լ եք, որ լինի հնագետների փողոց, բայց ինչ անունով փողոց ասես կա, չէ՞։ Որովհետև, դե հնագետ են, էլի։ Իսկ գիտեք, որ Մեծ Բրիտանիայում ինչքան հնագետ կա, որոնք բարձրագույն ասպետի կոչում են ստացել։ Գուցե երգիչներից շատ։ Որովհետև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան գիտեն նրանց կարևորությունը։ Հնագետը շատ պատվաբեր մասնագիտություն է, բայց այսօր Հայաստանում հնագետի մեկ օրվա աշխատավարձը պեղումներից... Ամենայն հարգանքով արհեստավորի նկատմամբ, բայց նրա մեկ օրվա, մեկ ժամվա աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան հնագետի մեկ ամբողջ օրվա տաժանակիր, փոշիների, հողերի մեջ աշխատանքը։
Նույնը թանգարաններում։ 80 հազար դրամ տալով՝ մենք չենք կարող փոխել վերաբերմունքը։ Մյուս սերունդը ի՞նչ է նայում։ Նայում է, թե ինչքանով է հեռանկարային տվյալ մասնագիտությունը։ Այստեղ կա նաև սոցիալական խնդիր։ Իհարկե, կան նվիրյալներ։ Բայց հասկանում եք՝ 1, 2, 3, մի պահ է գալիս՝ ընտանիք, տուն, ամեն մեկի համար հոգսեր։
Դասախոսում եմ Երևանի պետական համալսարանի Հնագիտության և ազգագրության ամբիոնում։ Շատ դժվար է երեխաներին այնտեղից բերել, տանել պեղումների, տանել դեպի հնագիտություն, քանի որ իրենց մեծ մասն այդ ոլորտում հեռանկար չի տեսնում։
Panorama.am - Այս դեպքում ի՞նչ պետք է անել։
Միքայել Բադալյան - Շատ կարևոր են բարձրակարգ մասնագետները, կրթական նոր մոտեցումները, չափորոշիչները, քանի որ այն, ինչ ունենք, փորձը ցույց է տալիս, որ չի աշխատում։ Աշխարհը զարգանում է, ուսանողին դնել, գրքերով սովորեցնել... Պետք է փոխել մոտեցումները։ Իրենք դա են ուզում։ Այսօր հնագիտությունը պետք է հանրահռչակվի, լինեն հեռուստածրագրեր, պետք է մեծարել հնագետներին։ Ակտիվություն կա, բայց դա շատ քիչ է։ Պետք է լինեն գիտահանրամատչելի գրքեր։
Նաև մենք այստեղ շատ անելիք ունենք։ Հնագիտությունը պետք է դարձնել հանրության մասը, գիտահանրամատչելի և ընկալումը պետք է փոխվի։ Հնագետը պետք է լինի լուրջ պահանջված, բարձր վարձատրվող մասնագիտություն։ Սա եթե լինի, կտեսնեք՝ ինչպես են շատանալու հնագետները։
Մի ժամանակ հարցում էինք արել, ամեն 6-րդ մարդ փոքր ժամանակ երազել էր դառնալ հնագետ։ Համարյա ամեն մեկիս մեջ ապրում է հնագետ, կարևոր է արթնացնել այդ հնագետին։ Կարևոր չէ՝ կդառնանք հնագետ, թե ոչ, բայց կարևոր է, որ այդ ժառանգությունը մենք պահպանենք, կրենք մեր մեջ ու տարածենք։
Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան
- Համլետավան գյուղի մատուռում պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան խեցամանների բեկորներ, մարդկային ոսկորներ
- Պեղումներ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում
- «Լոռի բերդ»-ի պեղումները ուշագրավ նյութ է տալիս
- Արշավախումբը հույս ունի «Մեծամոր»-ի պեղումների ժամանակ գտնել հնագույն քաղաքի անունը բացահայտող ուրարտական սեպագիր արձանագրություն
- Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում
- Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի
- Մեծամորի հնավայրում վերսկսվել են պեղումները
- Էրեբունի ամրոցի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են
- Ակնկալվում է, որ պեղումներից հետո Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը
- Նպատակ է դրվել վարկաբեկելու կատարված մեծ աշխատանքը և պախարակելու մտավորականի անունը. Աղցքի պեղումների ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին