Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշատակելով ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրների և կազմակերպությունների հնչեցրած գնահատականները:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատականներ հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքի այն կազմակերպություններին, անհատներին և մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար, ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և առաջարկեց այդ ուղղությամբ մեծացնել համատեղ ջանքերը՝ միջազգային հանրության ակտիվությունն էականորեն մեծացնելու միջոցով»,-հայտարարեց փաշինյանը և հավելեց. «Ակտիվորեն պետք է աշխատել լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»:
Հայտնելով, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձեր անել Հայաստանին մեղադրելու իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, և դրանք սին ու հիմնազուրկ հայտարարելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի հավելումն սրան,պետք է ասեմ, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի: Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:
ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի համատեղ լուծմանը: Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են նաև Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդույթունների, մենք շարունակում ենք համապարփակ լուծումների գնալ խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ: Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը՝ սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»:
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
- Չավուշօղլուն արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Բերձորի միջանցքը
- Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան