Շահերի ոտնահարում է՝ մարդը եկամուտ չունի, բայց բանկը ծախսն ավելացնում է. Բաբկեն Պիպոյան
Վերջին օրերին բանկերից հայտնում են, որ պատրաստվում են բարձրացնել իրենց ծառայությունների սակագները, ինչի մասին հաղորդագրություններ են ուղարկում հաճախորդներին։ Արդյո՞ք սակագների բարձրացման հիմքերը ուսումնասիրվել են և դրանք ճանաչվել են իրավաչափ և արդարացվա՞ծ են դրանց հենց այդչափ բարձրացումը: Panorama.am-ը վերոնշյալ հարցերով դիմեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանին։
Բ. Պիպոյան-Սակագների բարձրացման արդարացված լինելը կամ չլինելը գնահատելու համար պետք է ծախսերի և մուտքերի բալանսի, շահույթների հետ կապված ամբողջական վերլուծություն լինի, բայց, ըստ էության, եթե պետությունը չի մշակում քաղաքականություն, որ շահույտները պետք է ինչ-որ գծով սահմանափակել, ապա նորմալ է, որ բիզնեսն ինչպես ուզում է, այնպես էլ փող աշխատի: Այլ բան է, որ պետությունը պետք է հասկանա, որ բիզնեսի շատ փող աշխատելու ցանկությունը սպառողների հաշվին է և պետք է մշակի ազդեցության լծակներ, որպեսզի կարողանա կանխել այդ ամեն ինչը և այդ գործիքակազմն ունենա, որովհետև սպառողի տեսանկյունից սակագնի բարձրացումը նորմալ չէ, իսկ բիզնեսի կողմից՝ նորմալ է դիտվում, քանի որ բիզնեսը փող աշխատելու տեղ է, որտեղ անհատը կամ մարդկանց խումբը փորձում է հնարավորինս շատ փող աշխատել:
Եթե նայենք այն մոտեցմամբ, որ բանկը պետական չէ, այլ մասնավորինն է, ապա կհասկանանք, որ ինչպես կոշիկ վաճառողն է ուզում իր կոշիկը թանկ վաճառել, գյուղացին՝ իր արտադրանքը, այնպեսլ էլ բանկն է ցանկանում իր ծառայությունը թանկ վաճառել: Այսինքը՝ բիզնեսի տեսանկյունից էլ նորմալ է, բայց աննորմալ է, որ կենտրոնացվածության, գերիշխող դիրքերի պայմաններում պետությունն համապատասխան քայլեր չձեռնարկի և զսպող քաղաքականություն չվարի: Ավելին՝ մենք տեսնում ենք, որ թե՛գործադիրը, թե՛ օրենսդիրն ավելի շատ բանկային սիստեմի կողքն է կանգնած, քան նրանց, ում որ ծառայություններ է մատուցում բանկը, այսինքը՝ ՀՀ քաղաքացիների, այս դեպքում՝ սպառողի:
Panorama.am-Պարզ է, որ արտադրողներն այսօր թանկացնում են ապրանքը, քանի որ համաշխարհային մակարդակով հումքը, էներգառեսուրսները և լոգիստիկ ծառայությունները թանկացել են, իսկ բանկերի դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչն է թանկացել , որ ծառայությունների գներն են բարձրացվում:
Բ. Պիպոյան-Ես այդ հարցին ուղիղ պատասխան չեմ կարող տալ, քանի որ պետք է ունենամ տվյալներ, որոնք համենայն դեպս, հասարակական սեգմենտի համար փակ են և այն կարող է ուսումնասիրել ԿԲ-ն կամ Մրցկացության պաշտպանության հանձնաժողովը, որոնք իրավասություն ունեն պահանջելու այդ փաստաթղթերը և համապատասխան մոնիթորինգ անել: Բայց տրամաբանորեն նաև բանկում կարող են ծառայության արժեք փոխվի, մասնավորապես՝ աշխատակիցների աշխատավարձերի վերանայման, տարածքների վարձակալության գների վերանայման և մի շարք այլ գործոններով՝ սկսած տպվող թղթի գնից, մինչև տպիչների կամ նրանց մեջ լցվող նյութերի թանկացումը: Այստեղ պետք է ոչ թե ենթադրություն արվի, կամ լսենք թե ինչ է պատճառաբանում բանկը, այլ պետք է ունենանք համապատասխան կառույցներ, որոնք պետք է այս ամենը նայեն: Ասյտեղ չպետք է վստահենք, կամ չվստահենք մասնավորին , որը միշտ ասելու է, որ ինքն ազնիվ է, ճիշտ է, ոչ մի գերշահույթ չունի: Եթե երկար տարի գործող բիզնեսին հարցնես, կասի՝ երկար տարի 0-ով եմ աշխատել, որ այսօր եկամուտ ունենամ: Հետևաբար, թե ինչ է ասում բիզնեսը՝ երկրորդային երրորդային է, կարևոր է ուենալ պետական ինստիտուտներ, որոնք կանեն մոնիթորինգ և հասարակությունը կվստահի, կամ չի վստահի պետական ինստիտուտին:
Panorama.am-Արդյո՞ք հաճախորդների իրավունքները չեն խախտվում։
Բ. Պիպոյան-Այստեղ հաճախորդի շահերը ոտնահարվում են, իսկ իրավունքը խախտվո՞ւմ է, թե՞ ոչ, հնարավոր կլինի պարզել համապատասխան ուսումնասիրություններից հետո, քանի որ գլոբալ գնահատական տալն այստեղ սխալ է, քանի որ փորձագիտական հանրույթն իրավունք չունի մոտավորապեսով գնահատական տալ և իրավունի մեկ տեղային դեպքը դեդուկցիա անել մնացածի վրա: Եթե մենք ասենք, որ իրավունքի խախտում չկա, ապա կարող են ասել՝ դու տեսողության խնդի՞ր ունես, քանի որ պայմանագրի մեջ գրված է, որ սակագները չպետք է վերանայվեն, բայց վերանայվում է: Նաև հակառակը, երբ խախտման հետ գործ ունենանք, ինչ-որ մեկն էլ կարող է ասել՝ տեսողության հետ խնդի՞ր ունես, քանի որ մեր պայմանագրի մեջ էլ նշված է, որ բանկն էլ իրավասու է ամեն տարի վերանայում անի, սա էլ այն դրույթը, որի տակ քաղաքացին ստորագրել և համաձայնություն է տվել: Մենք ոչ թե պետք է ընդհանուր գնահատական տանք իրավունքի ոտնահարման մասով, այլ իրավունքի ոտնահարման կոնկրետ դեպքով՝ պայմանագրի ուսումնասիրությամբ պետք է այն անենք, և մի դեպքում կլինի իրավունքի ոտնահարում, մյուս դեպքում չի լինի: Բայց կարող ենք ասել, որ շահերի ոտնահարում է, մարդն եկամուտ չունի, բայց ծախսն ավելանում է:
Panorama.am-Տնտեսական արդարության տեսանկյունից ճիշտ չէ՞ր լինի բարձրացված սակագներով պայմանագրերը կնքվեին նոր հաճախորդների հետ, իսկ ում հետ արդեն պայմանագրեր կնքված են՝ կա՛մ աշխատեն նույն սակագնով, կա՛մ ավելի ցածր, քան մյուսներինը։
Բ. Պիպոյան-Իմացե՛ք, որ անպայման կլինեն հաճախորդներ, ում հետ վերանայում տեղի չի ունենա, այսինքը, բանկը կհասկանա, որ այդ հաճախորդն իր համար լավն է, կարևոր է և ինքը չի ցանկանա այս հաճախորդին բաց թողնել: Բայց այս դեպքում մենք բանկին մարկետինգային խորհրդատվություն ենք տրամադրում, որովհետև գործում ենք ազատ շուկայական հարաբերությունների հետ: Եթե հանցավոր համաձայնություն չկա ներքին պայմանավորվածությամբ՝ բոլորով նույնն անելու վերաբերյալ և բանկը վերանայում է սակագինը, իսկ կողքի բանկն նման պարտավորություն չունի, կարող է այդ հաճախորդին տանել նրա մոտ: Հիմա երբ մենք ասում ենք այս քայլերի մասին, մենք անուղղակի խորհուրդ ենք տալիս, թե ինքն ինչ անի, որովհետև երբ մենք տեսնենք, որ բոլոր բանկերն միանգամից նույն բանն են անում, այս դեպքում արդեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր կլինի անցկացնել ուսումնասիրություն և պարզել,թե արդյոք այն ներքին պայմանավորվածության հիման վրա է արվում, ինչը «Մրցակցության պաշտպանության» օրենքով համարվում է անբարեխիղճ մրցակցություն:
Այստեղ կարևոր է, որ մեր քաղաքացիները, երբ նրանց հետ կապ կհաստավի պայմանագրի վերանայման կամ լրամշակման համար, ընթերցեն նախորդ պայմանագիրը, հասկանան, թե նախորդ պայմանագրով ինչ է ամրագրված: Օրինակ, երբ որ քարտ են տրամադրում 5 տարով, կարող է ամրագրված լինի, որ այդ գնով 5 տարի չպետք է տրամադրվեր: Կախված է նրանից, թե ինչ պայմանով, ինչ են իրենց տրամադրել: Շատ կարևոր է, որ քաղաքացին ուսումնասիրի իր պայմանագիրը և նոր իրավական գնահատական տա, թե իր իրավունքը ոտնահարվում է թե ոչ:
Ասեմ, որ շատ քաղաքացիներ անգամ պայմանագիրը ստորագրելուց առաջ չեն կարդացել, սա նաև լավ առիթ է, որ նրանք կարդան: Նրանք պետք է իմանան, որ պայմանագիրը կարդում են նախքան ստորագրելը և պայմանագրի պայմաններին ծանոթանում են նախապես, մինչև բանկ այցելելը, և դրա տակ ստորագրելը, որովհետև, եթե հույսը դնեն, որ վերջին րոպեին բանկում պայմանագիրը կկարդան, ապա մի քանի րոպե առաջ տեսնելու են, որ այն մի քանի էջ է, ընդորում՝ շատ մանր տառերով գրված և առանց կարդալու ստորագրում են, հետո էլ ասում են թե իրենք չեն իմացել, որ այնտեղ նման բան կա գրված: Հիմա գոնե պետք է կարդան և հասկական, թե ինչ պայմանագիր ունեն, քանի որ շատերը չգիտեն , որից հետո նոր առաջարկի իրավաչափության ներքին գնահատական տան, թե որքանով է իրավաչափ, որքանով՝ ոչ: Եթե օրինակ, պայմանագրում գրված է որ 5 տարի երաշխավորված անփոփոխ գին է սահմանվում, ապա հիմա չեն կարող փոխել գինը:Եթե գրված է, որ կարող են վերանայել գինը, ապա կանի: Անկախ ամեն ինչից պետք է տարբերակենք շահը և իրավունքը: Տեղի ունեցող պրոցեսը որը չի բխում սպառողի շահերից, չի նշանակում որ նրա իրավունքի ոտնահարում է:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
- Բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին. Մարտին Գալստյան
- 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
- Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
- Կոնվերս Բանկը խրախուսման արշավ է հայտարարել
- Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները
- Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել
- Բանկերի և փոստային բաժանմունքների ծառայությունների վճարները 15.7%-ով աճել են
- Կոնվերս Բանկը հանդես է եկել առցանց գնումների խրախուսման եզակի առաջարկով
- Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան