Գործադիրն ապահովագրում է հղի կնոջ վրաերթի նման հնարավոր ապագա դեպքերի պատասխանատուներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մշակել և e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով, կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց կթուլատրվի գերազանցել սահմանված առավելագույն արագությունը՝ բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը:
Այդ նպատակով գործադիրը ցանկանում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-ն որոշման մեջ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ գործող որոշման հավելվածի 28-րդ կետում սահմանված են հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման դեպքերում երթևեկության արագության սահմանաչափերը, մինչդեռ ուղեկցումների համար ներգրավված տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերում կարող է պահանջվել երթևեկության սահմանված արագության գերազանցում։
Այդ նպատակով առաջարկվում է վերոնշյալ կետը շարադրել հետևյալ կերպ. «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ընթացքում երթևեկության արագությունն ընտրվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով ճանապարհային պայմաններն ու անվտանգության ապահովման հանգամանքները, և այն չպետք է գերազանցի՝ բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը, բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի»:
Մեկ այլ փոփոխությամբ ուղեկցող մեքենաների արագության պահպանումը հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի ու շարասյան ղեկավար (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվությունից հանվում է և դրվում վարորդների վրա:
Նորմատիվ փոփոխության բովանդակությոնից կարելի է ենթադրել, որ նրա անհրաժեշտությունը բխել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան գործի քննությունից: Փորձ է արվում նորմատիվ կարգավորմամբ նման միջադեպերի պատասխանատվությունից զերծ պահել անվտանգության ծառայության պատասխանատուներին և այն ամբողջովին տեղափոխել վարորդների վրա:
Մյուս կողմից էլ, թվում էր, թե հղի կնոջ վրաերթի ենթարկելուց հետո գործադիրը ստիպված է լինելու խստացնել բնակավայրերում և դրանցից դուրս կորտեժների ընթացքի կանոնները և նավազեցնելու թույլատրելի արագությունը, մինչդեռ նախագծով ամրագրվում է առավելագույն արագությունը գերազանցելու թույլտվություն:
Այլ կերպ ասած կառավարության այս որոշմամբ՝ իրավանորմատիվային հիքեր են ապահովվում բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող կորտեժների հերթական զոհերի դեպքերի քննության ժամանակ ամբողջովին ապահովագրել դժբախտ պատահարների մեղավորներին: