Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
«Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, թերևս, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը»,-կառավարության նիստի մեկնարկին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված լինել՝ ակամա հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում և այնտեղ մի շարք ապրանքների, մասնավորապես՝ պարենի դեֆիցիտ կա:
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,-ասաց Փաշինյանը:
Նշելով, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորել է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, ինչը չի իրագործվում՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտարարեց. «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»: