Ռուբեն Վարդանյան. Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն է զանգել, ասում է՝ ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում
«Մենք արդեն 11 օր է՝ բլոկադայի մեջ ենք։ Ես գիտեմ, որ ծանր վիճակում ենք, հատկապես հոգեբանական առումով, քանի որ մեծ մասի մոտ կուտակվել են էմոցիան, էներգիան, ագրեսիան, թե ինչու ոչ մի բան չի արվում, մի մասի մոտ էլ դեպրեսիա է սկսել, դա նորմալ է, ողջ աշխարհում մարդկանց հետ նման բան պատահում է»,-ողջունելով արցախցիներին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա հավատացրեց՝ անում են ամեն բան իրավիճակը հնարավորինս արագ փոխելու և լուծումներ գտնելու համար։
«Լուծումները պետք է լինեն այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք։ Պետք է լուծումը չլինի այնպիսին, որի հետևանքները մեզ չթողնեն ոչ մի հնարավորություն Արցախում մնալու, հանգիստ ապրելու համար։ Ես գիտեմ՝ իրավիճակն իսկապես ծանր է և սննդի, և բենզինի հետ կապված, հավատացեք, ամեն ինչին հետևում ենք, փորձում ենք լուծումներ տալ խնդիրներին»,-ասաց նա։
Թվարկելով խնդիրները՝ Ռ. Վարդանյանը շեշտեց ադրբեջանցիների կողմից փակված միջանցքի տարբեր կողմերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, Երևան տեղափոխելու անհրաժեշտություն ունեցող ծանր հիվանդների մասին։
«Կան դեպքեր, երբ մարդիկ մահացել են, դիակները չենք կարողանում բերել Արցախ։ Գնալով այս խնդիրներն ավելի են լրջանում։ Ես ուզում եմ մի քանի բան ասել, պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատում ենք։ Երկրորդ՝ չենք թողնի ոչ մեկին դժգոհեն ու քաոս առաջացնեն։ Երրորդը՝ կայացած որոշումների մասին հայտարարելու ենք լրատվամիջոցներով ձեզ իրազեկելու համար»,-ասաց նա։
Վարդանյանն ասաց՝ սերտ աշխատում են Ազգային Ժողովի հետ։
Արցախի պետնախարարը մի դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե նոմալ, աշխատում ենք։ Ասեց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը։ Երեկ զանգել է ընկերս, ասում է՝ շատ վատ է զգում, որևէ բանով չի կարողանում օգնել։ Ես ասում եմ՝ ես երջանիկ մարդ եմ, 54 տարեկան եմ, երջանիկ մարդ, հաջողված բիզնեսմեն, ամուսին ու հայր, բայց սա իմ ամենաերջանիկ օրերն են, քանի որ ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը դրել եմ այն բանի համար, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ։ Ես ուզում եմ, որ իմանաք, մենք անում են կարևոր բան ոչ միայն մեզ համար, այլև ապագա սերունդների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա
- Ռուբեն Վարդանյան. Բոլորի արձագանքը մեկն է՝ Արցախի ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի
- Ռուբեն Վարդանյան. Կարևոր է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան