Վարդան Բալյան. Երկիրը պետք է նախապատրաստել ինքնապաշտպանության բոլոր պարագաներում երկու հիմնական նպատակադրումով
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Այսօր Նախիջևանի ինքնավար հանրապետության Միլլի մեջլիսի արտահերթ նիստում ընդունվել է Հեյդար Ալիևից հետո ադրբեջանական այդ անկլավի 30-ամյա անփոփոխ ղեկավար Վասիֆ Թալիբովի հրաժարականը; Ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով անդրադարձել եմ Նախիջևանի հետ կապված զարգացումներին, որոնց համատեքստում Թալիբովի իշխանազրկումը միանգամայն կանխատեսելի էր: Կարելի է ասել, որ նախիջևանյան կլանը վերջնականապես զրկվում է Ադրբեջանում իշխանության տրանսֆերի գործընթացին մասնակցության հնարավորությունից:
Այդուհանդերձ, խնդիրը ամենևին չի հանգում իշխանական բուրգում վերադասավորումներին, այլ շատ ավելի ընդգրկուն և խոր շերտեր ունի: Ըստ որում, Նախիջևանում և նրա շուրջ դիտարկվող զարգացումները անմիջական կապ ունեն Արցախյան խնդրի, Լաչինի միջանցքի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցերի հետ: Նախիջևանի ինքնավար հանրապետության դեմոնտաժի, անկլավի կարգազրկման իրավական գործընթացը անկասկած իր արտացոլումը կգտնի ադրբեջանական նոր սահմանադրության կամ գործող սահմանադրության առաջիկա փոփոխություններում: Ալիևին հաջողվեց համեմատաբար հեշտորեն ու դեռևս առանց ցավագար կծկումների իշխանությունից հեռացնել Նախիջևանի խանին, բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու կամ կանխատեսելու, որ ինքնավար հանրապետության կարգավիճակի վերացումը ուղեկցվելու է լուրջ ցնցումներով:
Հուսով եմ, արդեն բոլորին է հասկանալի, որ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան, Լաչինի միջանցքի արգելափակումը և մի շարք այլ գործողություններ, որոնք դեռ պետք է տեղի ունենան կամ ընթացքի մեջ են, մաս են կազմում Ադրբեջանի նախագահի աշխատակազմում ուժային բոլոր կառույցների ներգրավմամբ մշակված ծրագրի:
Սոցմեդիա և լրատվական հարթակներում տեղեկատվական-հոգեբանական ուղեկցման օպերացիայի մշտադիտարկման արդյունքներով արդեն իսկ կարելի է արձանագրել, որ որոշակի զարգացումների պարագայում Ադրբեջանը հնարավոր է դիմի ռազմական էսկալացիայի միտված պրովոկատիվ գործողությունների: Լաչինի միջանցքի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում այդ երկրի ներկայացուցչի ելույթը ամեն դեպքում տեղավորվում և բխում էր այդ տրամաբանությունից:
Երկիրը պետք է նախապատրաստել ինքնապաշտպանության բոլոր պարագաներում երկու հիմնական նպատակադրումով՝ կանխել առաջիկա պատերազմը կամ հաղթել: Հաջորդիվ գրառումներով կփորձեմ մանրամասնել, թե ինչո՞ւ եմ այս համատեքստում Ձեր ուշադրությունը սևեռում հենց Նախիջևանի ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան