Էդիկ Բաղդասարյան. Արևմուտքը բոլոր հիմքերն ունի Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար:
Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար: Արդբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, և հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: Ճանապարհը փակած «բնապահպանները» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաև ալիևյան կլանի և նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար: Ալիևի և նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը:
Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների և բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը, եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի:
Արևմուտքը գիտի, որ Ալիևը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ: Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիևի և նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ:
Միջազգային կառույցների հայտարարությունները որևէ բան չեն փոխելու, մինչև սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի և նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա: Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից:
Հարակից հրապարակումներ`
- Վերածնվող Հայաստան. Առաջին հերթին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանել
- Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը. Արցախի ԱԳՆ
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ