Կայացավ «Տալենտում» համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տալենտում» համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը:
Այս համերգը բացառիկ հնարավորություն էր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի «Talentum» տաղանդների կրթական և զարգացնող ծրագրի 17 պատանի տաղանդների համար ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ բեմում դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախագահ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Համերգային ծրագրում հնչեցին Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է աշխատում երիտասարդ երաժիշտների հետ, բայց, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով, սա աննախադեպ համերգ է, որի ողջ ընթացքում բեմում նվագախմբի հետ նվագում են նաև երեխաներ:
«Պատանի երաժիշտի համար շատ կարևոր է հանդես գալ նվագախմբի հետ, և այսօր իրենք ունեցան այդ հնարավորությունը: Նման մոտիվացիան՝ ելույթ ունենալ մեծ բեմում Սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ կարևոր է երեխաների համար, և միաժամանակ մեծ պատասխանատվություն: Հիշում եմ ինձ այդ տարիքում և ինձ համար ամենապատասխանատու պահերից մեկն էր՝ ելույթ ունենալ նվագախմբի հետ.դա մեծագույն ձեռքբերում և փորձ էր: Կարծում եմ՝ այս համերգը կարող է դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց մասնագիտական կյանքում»,- ասաց Սմբատյանը:
Անդրադառնալով երկու տարի առաջ հիմնած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանը՝ նա նշեց, որ հիմնադրամի առաքելությունն է պատանի տաղանդավոր երաժիշտներին սովորեցնել այն ամենն, ինչ պետք է իմանա պրոֆեսիոնալ երաժիշտը, և այդ առումով այս համերգը կարևորագույն կետերից մեկն է. «Այսօր մենք ունենք տաղանդավոր պատանի երաժիշտներ, և հիմնադրամը պատրաստում է նրանց վաղվա երաժշտական կյանքին, տաղանդը հարստացնում ենք գիտելիքով, ինչը շատ կարևոր է 21-րդ դարում: Երբ տեսնում ես տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, փորձում ես նրանց համար անել հնարավորինը, ստեղծել իրենց հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ միջավայրն ու մթնոլորտը»:
Սմբատյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանը դասական երաժշտության ոլորտում իր ուրույն տեղն ունի, իսկ այս պատանի տաղանդավոր երաժիշտները ապագայում իրենց ասելիքն են ունենալու միջազգային բեմերում. «Այս երիտասարդների ձեռքբերումները դեռ առջևում են, և սա հիմնադրամի կրթաթոշակառուների առաջին գալահամերգն է սիմֆոնիկ նվագախմբի հետ, և չի բացառվում, որ կրթաթոշակառուների գալահամերգը կարող է դառնալ ամենամյա»: