Թուրք խոհարարի արարքից հետո ՖԻՖԱ-ն միջոցներ կձեռնարկի
Քաթարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչից հետո Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է քայլեր ձեռնարկել խաղադաշտում չարտոնված անձանց հայտնվելու հետ կապված։
Գազետա.ռու-ն գրում է, որ խաղից անմիջապես հետո խաղադաշտ է մտել հայտնի թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն և լուսանկարվել աշխարհի գավաթի հետ։ Նրա գործողությունները ռեզոնանս են առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ մուտքը խաղադաշտ և, հատկապես, գավաթին դիպչելը, սահմանափակ է։
Ըստ կանոնակարգի՝ աշխարհի առաջնության Գավաթին կարող են դիպչել միայն մրցաշարի հաղթողները, պետությունների ղեկավարները և ՖԻՖԱ-ի պաշտոնյաները։
«Հետաքննությունից հետո ՖԻՖԱ-ն պարզեց, որ արարողության ավարտից հետո անհատները չարտոնված մուտք են գործել դաշտ: Միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինան հաղթել է Ֆրանսիայի հավաքականին մրցաշարի եզրափակիչում։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկակակն գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: