«Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրող ազատամարտիկների լսարան»-ում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի շրջանավարտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակաբաշխությունը։
Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:
«Այս լսարանում դեռ քանի մրցանակաբաշխություն ու դաս է լինելու, քանի սերունդ է այս լսարանում դեռ դաս անելու, քանի սերնդի հետ տղաները ոչ միայն դասի են մասնակցելու, այլ իրենք լուռ վարելու են այդ դասը։ Իսկ իրենք եկող ցանկացած սերնդի ասելիք ունեն. պետք է ականջալուր լինել իրենց ու փորձել ընդամենը սերտել հայրենիքը սիրելու ու կյանքը արժանապատիվ ապրելու իրենց բանաձևը»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ իր ցանկությունն է այսօր հնչող խոսքում տխրությունը քիչ լինի, ողբն ու ափսոսանքը քիչ լինի, իշխող լինի հպարտության զգացումը. «Տղաներից յուրաքանչյուրի համար մենք հպարտ ենք, դուք հպարտ եք, հպարտ պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր առնչվելու են տղաների կենսագրությանը։ Այն ժողովուրդը, որն այսպիսի զավակներ ունի, այդ ժողովրդի ապագան լուսավոր է լինելու»։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում մրցանակը հանձնվում է 2-րդ անգամ։ Ծրագրի նպատակն է Հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության և գիտության առաջընթացի գաղափարին և խրախուսել օժտված ուսանողներին։
Յուրաքանչյուր կիսամյակ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» մրցանակին արժանանանում են նախօրոք հայտարարված մրցույթի այն մասնակիցները, որոնք առանձնանում են բարձր առաջադիմությամբ, ստեղծագործական ակտիվությամբ, նորարար մտքով և քաղաքացիական հանձնառությամբ։ Մրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 000 դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի (առկա/հեռակա) այն ուսանողին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց Վաչագան Մանուկյանի հայրիկին ու մայրիկին, որ Վաչագանի նման հերոս են նվիրել հայրենիքին, բարձր նշաձող սահմանող քաղաքացի՝ երիտասարդների համար։
«Երբ պատերազմից հետո մենք մտածեցինք, թե ինչ ճանապարհով պետք է թոթափենք պարտության, դավաճանության, հայրենապաշտության բացակայության սոսկալի ամոթը, մենք մտածեցինք, որ պետք է ներկա լինեն մեր հերոսները, ովքեր սխրանքներ են գործել։ Մենք մտածեցինք, որ նրանց մասին պետք է պարբերաբար խոսվի, հիշվի, մեծարվի, ամենակարևորը՝ նմանվենք նրանց։ Չիջեցնեք նշաձող, չիջեցնեք, ինչպես Վաչագանը երբեք չիջեցրեց։ Իմանալով, որ գնում է ստույգ մահվան, նա գերադասեց հայրենիքը, պատիվը, գերադասեց մնալ տղամարդ։
Տղաներ՝ հատկապես ձեզ եմ ուզում դիմել՝ չպարտվեք։ Պարտություններ ու հաղթանակներ շատ են լինում, բայց չիջեցնեք ձեր առնական տղամարդկային նշաձողը»։
Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Պետրոսյանն ասաց, որ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս պահին ունի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների անուններով 9 կրթամրցանակ։
«Բոլորն արժանավոր հերոսներ են, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր պետականության, և պատեհ է, և արժանի են, որ նրանց օրինակը դառնա նշաձող, փարոս այն երիտասարդների համար, որոնք այսօր կարծես թե ընկճված են մեր պարտությունից հետո։ Շատ պետք է խոսել մեր հերոսների՝ հայրենատեր, հանձնառու, տաղանդավոր, հզոր այն երիտասարդների մասին, որոնք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միգուցե նրանց երթն այս ճանապարհով ավելի արդյունավետ կլինի։ Պատահական չէ, որ մեր ծրագրի նշանաբանն է՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։ Տեսնում ենք, որ այսօր այս ոսկի սերմերն արդեն ոսկե ծիլեր են տալիս»,- նշեց Ա. Պետրոսյանը։
Իսկ այն պատգամը, որ տվել է Վաչագանը մեզ՝ պահել հողը, հայրենիքը, պատիվը, նրա խոսքով, ուղղակի պարտավոր ենք կատարել, վերադարձնենք այն սրբազան հողը, որը ոռոգված է Վաչագանի ու մյուս հերոսների արյունով։
Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ շատ է կարոտում որդուն, փորձում է նրա գրքերով, նրա ստեղծածով շնչավորել որդուն, տեսնել նրան. «Երբեք ինձ համար բացակա չէ»։
Նրա խոսքով, Վաչագանի համար մեծագույն արժեք էր հայրենիքը, չէր պատկերացնում խոցված վիճակում տեսնել իր երկիրը։ Նա հավատում էր մարդու հավերժությանը, հավատում էր իր հայրենիքի հավերժությանը, հայրենիքի խորհրդով էր տեսնում իր շարունակությունը, լինելիությունը։
«Իսկապես, իր մեջ այդ անպարտելիությունը կար։ Նա աննահանջ էր, ամեն մեկի համար իր կյանքը պատրաստ էր տալու և պատահական չէ, որ ասում է՝ կներեք, որ արյունս չհերիքեց բոլորիդ փրկել։ Նա այդպիսինն էր։ Ինձ առանց ցտեսություն ասելու գնաց։ Գնաց իր մեծ գաղափարի հետևից։
Բագրատ սրբազանը հերոսներին նվիրված միջոցառումներում հնչեցնում է Վաչագանի խոսքերը. հղում է Աստծուն, ասում է՝ ինձ հնարավորություն տուր մի սխրանք գործեմ այստեղ, նոր գնամ։ Մարդիկ ինչ են ուզում սովորաբար՝ երկար տարիների կյանք, հաջողություն, իսկ Վաչագանի համար իր գերագույնը՝ իր հայրենիքին ծառայելն էր»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։
Հայրը պատմեց՝ որդին տիրապետում էր զենքին, ցավոք, Շուշիի մոտակայքում արդեն մնացին լքված, վերջին շրջանում, կարծես թե, զենք-զինամթերք չի եղել։ Վիրավոր զինվորներից մեկը Խաչիկ Մանուկյանին ասել է, որ Վաչագանի հետ վերջին անգամ նոյեմբերի 8-ին է խոսել...
Նոյեմբերի 17-ին Խաչիկ Մանուկյանն իմացել է որդու մահվան մասին։
Կրթամրցանակի ժյուրիի նախագահ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը ուսանողների շրջանում գնալով մեծանում է։ Մրցույթին մասնակցել է 24 ուսանող, նախորդ տարի՝ 20 ուսանող։ Նրանց աշխատանքներում հիմնականում խոսվում է հայրենիքի, նրա նվիրյալների մասին։ Երրորդ մրցանակին արժանացավ Արփինե Ավետիսյանը, երկրորդ մրցանակը տրվեց Լուսինե Սարգսյանին, առաջին մրցանակը՝ Մարիամ Անտոնյանին։
Մրցանակաբաշխությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր». Հանձնվեց Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկի սերմեր». Ցավն անդարմանելի է, բայց այն պետք է հաղթահարել այնպես, ինչպես արել է Էրիկ Հաջիկյանը
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխություն
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկե սերմեր». Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան