ՀԿ. Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը:
Կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում, այդ հանգամանքը թաքցրել է ՊՈԱԿ-ի տնօրենից և որպես հաշվապահ 2018թ.-ին աշխատանքի ընդունվել հիշյալ մանկատանը: Հ. Վ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով միանձնյա տնօրինել ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին առկա դրամական միջոցները, նշված հաշվին առկա գումարը 2018թ.-ի տարբեր ամիսներին մաս-մաս փոխանցել է ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող՝ ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող վերը նշված ՍՊ ընկերության բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել մանկատանը պետական բյուջեի միջոցներից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.452.390 ՀՀ դրամը, որն այնուհետև կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:
Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ 2019թ.-ին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվը ենթակա է եղել փակման, իսկ դրամական միջոցների մնացորդը՝ պետական գանձապետական հաշվին փոխանցման: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, սակայն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել բանկային հաշվի փակման ուղղությամբ, և այդ հանգամանքից օգտվելով՝ Հ. Վ.-ն, իբրև մատուցված ծառայությունների դիմաց, ՊՈԱԿ-ի հաշվից վերը նշված նույն ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին տրամադրված 2.695.000 ՀՀ դրամը, որը հետագայում կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:
Այսպիսով, Հ. Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է պետությանը և ՊՈԱԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.147.390 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով 5.452.390 ՀՀ դրամի, ՊՈԱԿ-ին՝ 2.695.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, վերը նշված հափշտակությունները քողարկելու նպատակով, Հ. Վ.-ն ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ է մտցրել յուրացված դրամական միջոցներն իբրև նպատակային նշանակությամբ ծախսելու վերաբերյալ: Վերոհիշյալ կեղծ հաշվետվությունները դրվել են շրջանառության մեջ՝ ներկայացվելով լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Միաժամանակ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել 2018-2019թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարած անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ առերևույթ հանցագործության տվյալներ, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ ենթակայության:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին